Քննարկվել են տավարաբուծության զարգացման հեռանկարները

2016-12-14

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն հանրապետության խոշոր տավարաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:

 

 

«Խորհրդակցության նպատակն  է ձեզ հետ` որպես ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների,  քննարկել տավարաբուծության զարգացման հնարավորությունները,  լսել ձեր մոտեցումները, և  համատեղ քննարկման արդյունքում ճշգրտել պետական աջակցության այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնց միջոցով կարող ենք անասնաբուծությունը մեր երկրում ֆերմերի համար հետաքրքիր ու շահավետ ոլորտ դարձնել», – իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

 

Նախարարը մասնավորապես խնդրել է խորհրդակցության մասնակիցներին ներկայացնել իրենց կարծիքը` 2007-2015 թվականների ընթացքում իրականացված տավարաբուծության զարգացման ծրագրի արդյունքների վերաբերյալ, որի շրջանակում ներկրվել են տոհմային երինջներ և տարաժամկետ վճարման պայմաններով տրամադրվել  գյուղացիական տնտեսություններին: Իգնատի Առաքելյանը հավելել է, որ այս պահին քննարկման փուլում է ծրագրի վերսկսման գործընթացը, և նախարարության համար առաջնային հարցերից է այն առավել արդյունավետ իրականացնելու խնդիրը` նպատակ ունենալով էականորեն զարգացնել տոհմաբուծությունը, որի արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական կենդանիների կաթնատվությունը և մթերատվությունը:

 

Տավարաբուծական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ  այս փուլում երինջների ներկրումներ իրականացնելը նպատահարմար չէ, քանի որ փորձը ցույց  է տվել, որ ներկրված կենդանիները դժվար են հարմարվում տեղի բնակլիմայական պայմաններին, չեն արդարացնում ակնկալիքները, մինչդեռ  մեր երկրում ծնված առաջին վերարտադրության սերնդի կենդանիներն արդեն նման խնդիրներ չունեն, նրանց  խնամքը կազմակերպելն առավել հեշտ է և բարձր կաթնատվություն ու մսատվություն են ապահովում:   

 

 

Ամփոփելով քննարկումների արդյունքները` նախարարն ընդգծել է, որ պետությունը  կօժանդակի  տեղի տոհմաբուծական ընկերությունների ներուժի և ռեսուրսների զարգացմանը` Հայաստանում ծնված առաջին վերարտադրության սերնդի տոհմային կենդանիների հաշվին ապահովելով տոհմաբուծության հետագա զարգացումը:

 

           

 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել