ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնաբուծության ոլորտին առնչվող հարցեր

2016-12-13

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է սուպերէլիտային և էլիտային ցորենի սերմարտադրողների հետ` Հայաստանում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքն ու առաջիկա խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

 

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացմանը, բերքատվության բարձրացման նպատակով որակյալ սերմացուի արտադրությանը, սերմերի ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, ոլորտում գյուղատնտեսական նորագույն տեխնիկայի ներդրմանն առնչվող և այլ հարցերի: Քննարկվել է նաև ներկրման համար առավել նպատակահարմար սուպերէլիտային սորտերի սերմերի հարցը, ցանքաշրջանառության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումները:  

 

Քննարկումների արդյունքում առանձնացվել են սերմնաբուծության ոլորտի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող առանցքային կետերը, այդ թվում` հացահատիկի մշակության կարևորությունը ցանքաշրջանառության և պարենային անվտանգության ապահովման նպատակով, պետության աջակցության շարունակականությունը` ուղղված ոլորտի զարգացմանը, տեղական արտադրողների կողմից սելեկցիոն աշխատանքների կազմակերպումը, մեխանիզացիայի պարկի վերազինման անհրաժեշտությունը, ապահովագրության մեխանիզմի մշակումը, պայմանագրային հիմունքներով գնային քաղաքականության կարգավորումը, ինչպես նաև  գյուղատնտեսական տեխնիկայի ազատումը ԱԱՀ-ից:

 

Նախարարն առաջարկել է հաշվարկել և Աշոտ Հարությունյանին ներկայացնել 2017 թվականի գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ  ցորենի և այլ սերմերի պահանջարկը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ` ընթացիկ խնդիրները քննարկելու  և օպերատիվ լուծումներ տալու նպատակով:  

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել