ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը
2016-12-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին ԱԶԳ գրասենյակի նորանշանակ ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, նախկին ղեկավար Գյունթեր Ցիմմերը և այլ պաշտոնատար անձինք:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` նախարարը շնորհակալություն է հայտնել Գյունթեր Ցիմմերին կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար, ինչպես նաև շնորհավորել է Գործակալության նորանշանակ ղեկավարին` հույս հայտնելով, որ երկկողմ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:
«Մենք բարձր ենք գնահատում և երախտապարտ ենք Ավստրիայի զարգացման գործակալությանը Հայաստանում իրականացվող օժանդակության ծրագրերի համար: Մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ` տարեցտարի զարգացել գյուղատնտեսությունը, և վստահ եմ, որ կշարունակենք այս ուղղությամբ համագործակցությունը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Իր հերթին Գյունթեր Ցիմմերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` քառամյա արդյունավետ համագործակցության համար:
Գրասենյակի նորանշանակ ղեկավար Գերհարդ Շաումբերգերը վերահաստատել է Ավստրիայի զարգացման գործակալության պատրաստակամությունը երկկողմ փոխգործակցության խթանման հարցում` ընդգծելով, որ գյուղատնտեսությունը կշարունակի մնալ հայ-ավստրիական տնտեսական համագործակցության կենտրոնական ուղղությունը:
Նախարարը մասնավորապես կարևորել է Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում իրականացնելու Գործակալության նախաձեռնությունը, որի արդյունքների հրապարակումը նախատեսված է դեկտեմբերի 23-ին` ընդգծելով, որ դա խիստ անհրաժեշտ և սպասված ծրագիր էր, որը հիմք կհանդիսանա ՀՀ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի նախագծման համար, ինչպես նաև «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը և Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի համաֆինանսավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին