ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

2016-12-05

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

 

Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը բարձր  է գնահատել  ԱՄՆ կառավարության  ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

 

Իր հերթին դեսպան Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բարձր է գնահատում գյուղատնտեսության նախարարության հետ ունեցած երկարամյա գործընկերությունը, որի հիմքում Հայաստանի տնտեսական դրության բարելավման ու գյուղական բնակավայրերի ու խոցելի խմբերի բնակիչների համար երաշխիքների ապահովման ընդհանուր նպատակն է:

 

«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խթանմանն ուղղված մեր համատեղ ջանքերը կարևոր են երկուստեք. մենք գիտակցում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կա ներուժ և պատրաստ ենք առաջիկա տարիներին մեր ներդրումն ունենալ առավել ներառական ու ինքնաբավ տնտեսական զարգացման հարցում: Ես իրապես ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը», – հավելել է Ռիչարդ Միլսը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  գյուղատնտեսության բնագավառում հայ-ամերիկյան  համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը:

 

Պարոն Միլսը մասնավորապես առանձնացրել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի օժանդակությամբ Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը, որի արդյունքների հրապարակումը տեղի կունենա առաջիկայում: Այս համատեքստում կողմերը կարևորել են հանրային լայնածավալ իրազեկում կազմակերպելու հարցը:

 

Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության բարձր որակի ապահովման խնդրին` կարևորելով «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի» գործունեությունը, քննարկել դրա հետագա ֆինանսավորման հնարավորությունները:

 

Հանդիպման շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ԱՄՆ դեսպանը  նաև մտքեր են փոխանակել ոլորտում ապահովագրության ներդրման, ջրի խնայողատար համակարգերի կիրառման և երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:  

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել