Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատարին

2016-11-02

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար կազմին ներկայացրել է տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ԳԾԻԳ-ի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև բարձր է գնահատել նախկին տնօրեն Գագիկ  Խաչատրյանի կատարած մեծածավալ աշխատանքը:

 

Նախարարը նշել է, որ Գեղամ Գևորգյանը քաջատեղյակ է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող աշխատանքներին և առաջիկայում անհրաժեշտ է քննարկել այն ուղիները, որոնք առավել  արդյունավետ կլինեն գյուղատնտեսության ոլորտի համար:  

 

«Նախ պետք է գույքագրել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, վերլուծել արդյունավետությունը և ընտրել առավել կարևոր ուղղությունները, քանի որ ունենք  սահմանափակ ֆինանսական միջոցներ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը հանձնարարել է ակտիվ համագործակցել նախարարության համապատասխան վարչությունների հետ, քննարկել հատկապես անասնապահության և անասնաբուժության ոլորտներում իրակացվող ծրագրերը, դրանց արդյունավետությունը և շարունակականության նպատակահարմարությունը,  ինչպես նաև քայլեր կատարել  «կաթի մթերումից մինչև արտադրություն» շղթայի զարգացման ուղղությամբ:  

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև   տոհմային գործի զարգացման, արտադրության շղթայի, կաթի որակի, գնի կարևորության վրա:

 

 Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը   հաջողություններ է մաղթել Գեղամ Գևորգյանին  նոր  պաշտոնում և հույս հայտնել, որ աշխատակազմի  հետ համատեղ նրան կհաջողվի կարճ ժամանակում լուծել առաջադրված խնդիրները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և  հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել