2013 թվականին հակահրդեհային միջոցառումների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները

2014-03-13

 

no_pic5«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները մասնակցություն են ունեցել ՀՀ Գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ Տավուշի, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերում «Անտառային հրդեհների հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով կազմակերպված շտաբային ուսումնավարժանքներին:

 

Ուսումնասիրություններ են իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արփիի և Արթիկի անտառպետություններում  2012թ. հրդեհված տարածքների վերականգնվածության աստիճանի վերաբերյալ:

 

Արփիի անտառպետությունում այրվել էր 1991թ. հիմնված սոճենու անտառկուլտուրաների որոշակի հատված` 267 հատ սոճենիներ, որոնք չեն վերականգնվել, ենթակա էին համատարած սանիտարական հատման, և տարածքների մաքրման համար դեռևս քայլեր չէին ձեռնարկվել:

 

Արթիկի անտառպետությունում այրվել էր 16հա տարածք, ինչը վնաս էր հասցրել սոճենու բնական վերաճին, որի 2/3-ը կորցրել էր կենսունակությունը:

 

Դիտարկում-ուսումնասիրություններ են իրականացվել նաև Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող   «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ անտառպուրակ» հիմնարկում, որտեղ ս/թ սեպտեմբերի 7-ին տեղի էր ունեցել հրդեհ: Ուսումնասիրություններից պարզվեց, որ հրդեհը ընդգրկում էր 8.1հա անտառածածկ տարածք: Ծառուտի կազմը հետևյալն էր` սոճի, հացենի, կաղնի, ընկուզենի: Գերակշռում էր սոճենի ծառատեսակը: Հրդեհված տարածքի սկզբնամասում առկա էր հանգստյան գոտի, որտեղ հրդեհ առաջացման պատճառ կարող էր հանդիսանալ հովեկների անփութությունը: Հրդեհված ծառուտի մի մասը ենթակա չէ վերականգման, իսկ մյուս մասը վնասվել էր մասնակիորեն, ինչը հնարավոր է վերականգնվի հետագայում:

 

Վայոց Ձորի անտառտնտեսություն մասնաճյուղի Արենիի անտառպետության 3-րդ պահաբաժնի 10-րդ քառակուսում սեպտեմբերի 1-ին բռնկված միջին ինտեսիվության հրդեհի արդյունքում այրվել է 4 հա տարածք և վնասվել են մոտ 30-40տարեկան ծիրանենի և ընկուզենի տեսակի ծառեր:

 

«Դիլիջան» ազգային պարկում համաձայն 2013թ. հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացման պլանի, կատարվել են հակահրդեհային նշանակության ճանապարհների կառուցում 5կմ, հակահրդեհային նշանակության ճանապարհների նորոգում 5կմ, հանքայնացված շերտերի կառուցում 2կմ, հանքայնացված շերտերի խնամք 2 կմ և ուղեփակոցների կառուղում 8 հատ:

 

«Գոշ» և «Հաղարծին» տեղամասերում իրականացվել են հակահրդեհային նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներ, որոնք համապատասխանում էին նորմերին:

 

 

Տպել