ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Բրազիլիայի գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալին

2016-10-13

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Բրազիլիան աշխարհի այն երկրներից է, որն ունի զարգացած գյուղատնտեսություն, և Հայաստանը պատրաստ է առավել սերտ փոխգործակցություն ծավալել այս բնագավառում: Նախարարի խոսքով` Հայաստանը շահագրգռված է փոխադարձ ներդրումային դաշտի ակտիվացմամբ և պատրաստ աջակցելու այն բոլոր գործարարներին և կազմակերպություններին, որոնք հետաքրքրված կլինեն դրանում:

 

«Հայաստանը կարող է համագործակցել Բրազիլիայի հետ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, և մենք պատրաստ ենք բրազիլացի մեր գործընկերների հետ քննարկել համատեղ գործունեության ծավալման և ներդրումների իրականացման յուրաքանչյուր առաջարկ», – նշել է նախարարը:

 

Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ 2016 թվականի օգոստոսին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը խթան կհանդիսանա այս բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջև գյուղատնտեսական ապրանքաշրջանառության ավելացմանը:

 

 

Պարոն Էումար Նովացկին իր հերթին նշել է, որ բրազիլացի գործարարները մեծապես հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում բիզնես կապերի հաստատմամբ և համագործակցության ընդլայնմամբ, սակայն կոնկրետ քայլերի իրականացմանը խոչընդոտում է անհրաժեշտ տեղեկատվության սակավությունը: Այս բացը լրացնելու նպատակով կողմերը պայմանավորվել են կազմակերպել մասնագետների փոխայցեր` ոլորտի տարբեր ճյուղերում փորձի փոխանակման համար: Այս համատեքստում նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է նաև հայ փորձագետների համար խորհրդատվության և ուսուցման կազմակերպման հնարավորությունը:

 

 

Քննարկվել է նաև գյուղատնտեսության ոլորտում հայ-բրազիլական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

 

Հանդիպման ժամանակ բրազիլական կողմն առաջարկել է նաև Հայաստանից փորձագիտական խումբ գործուղել Բրազիլիայի գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարության կենդանական ծագման արտադրանքի տեսչություն` այս երկրում գյուղատնտեսության բնագավառին, այդ թվում նաև` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում գրանցված հաջողություններին տեղում ծանոթանալու համար, նշված հարցում համագործակցել նախարարության Բրազիլիայի գյուղատնտեսական հետազոտությունների կորպորացիայի (Embrapa) հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել