ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը
2016-09-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:
«Ավստրիայի զարգացման գործակալությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Հուսով եմ` այսուհետ ևս մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ համատեղ ծրագրերի շրջանակն ավելի կընդլայնվի», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ` Մարտին Լեդոլթերն ընդգծել է, որ Հայաստանն ու Ավստրիան ագրարային ոլորտում ունեն մի շարք ընդհանրություններ և այս առումով հատկապես կարևոր է փորձի փոխանակումը: Պարոն Լեդոլթերը հրավիրել է նախարարին այցելել Ավստրիա` երկրի գյուղատնտեսության ոլորտին տեղում ծանոթանալու նպատակով:
Կողմերը նշել են, որ սկսած 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի զարգացման գործակալության միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` Ավստրիայի զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում», «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» (ENPARD) ծրագրերը:
Քննարկվել է նաև Ավստրիայի կողմից գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մարտին Լեդոլթերին է հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում իրականացված և իրականացվող ծրագրերում ունեցած նշանակալի ավանդի համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին