ՀՀ վարչապետը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
2016-09-22
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին:
Բարձր գնահատելով նախկին նախարար Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային հարուստ փորձ է կուտակել գյուղատնտեսության բնագավառում կառավարման մշակույթ ունեցող ձեռնարկությունում և լավ պատկերացնում է ոլորտը:
Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որը կներառի զարգացման հեռանկարներ ունեցող բոլոր ուղղությունները: «Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացնել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», – ասել է վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ի դեմս գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացին և գործարարը պետք է տեսնեն իրենց օգնականին, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին:
Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ