Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերը

2016-08-12

1 (1)Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները:

 

«Վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը միջազգային կառույցների հետ ավելի է ակտիվացել և համատեղ ջանքերի շնորհիվ ոլորտի զարգացմանն ուղղված բավական արդյունավետ ծրագրեր են իրականացվել», – նշել է փոխնախարարը` հավելելով, որ վերջին տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության ոլորտին օժանդակությունն ավելացել է շուրջ 160 տոկոսով:    

 

Այս առումով, մասնավորապես, կարևորվել են Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության,  Ավստրիայի զարգացման գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը:

 

Եվրամիության հետ համագործակցության շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) 26 միլիոն եվրո արժողությամբ եռամյա ծրագրին, որից 20 մլն-ը` բյուջետային աջակցություն է, 6 մլն-ը` տեխնիկական և իրականացվում է ՄԱԿ-ի կառույցների կողմից: Փախնախարարը նաև տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագրեր հակակարկտային ցանցերի ներդրման և ցրտահարության դեմ պայքարի նոր միջոցների կիրառման ուղղությամբ:

 

Ընդգծելով, որ կոոպերացիայի զարգացումը ներկայումս համարվում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի գերակա ուղղություններից մեկը` փոխնախարարը նշել է, որ ENPARD ծրագրի զգալի մասը նպատակաուղղված է աջակցելու նորաստեղծ կոոպերատիվներին:    

 

Անդրադառնալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ իրականացվող ծրագրերին`փոխնախարարը հատկապես շեշտել է Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանն ու համայնքների բարեկեցության բարձրացմանն ուղղված «Մաքուր էներգիա և ջուր», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», ինչպես նաև «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերի արդոյւնավետությունն ու հաջող ընթացքը:

 

ԱՄՆ ՄԶԳ-ի հետ իրականացվում են նաև անասնաբուժական կենտրոնների ստեղծման և մասնավոր խորհրդատվական համակարգերի խթանման ծրագրեր:  Այս առումով փոխնախարարը հայտնել է, որ մինչև 2017 թվականի ավարտը նախատեսվում է ստեղծել մոտ 25  անասնաբուժական կենտրոն, որոնք կապահովեն այլընտրանքային խորհրդատվություն գյուղացիական տնտեսությունների համար: Ընթացիկ տարում ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորում է տրամադրել ջրախնայողատար համակարգերի տեղադրման մասով պիլոտային ծրագրեր իրականացնելու նպատակով:

 

Լայնածավալ համագործակցություն է ծավալվել նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ, այդ թվում` նաև Խաղողի կոլեկցիոն այգիների ստեղծման ուղղությամբ ծրագիր: Այժմ քննարկվում է պարենային անվտանգության բարձրացման նախաձեռնության իրականացման հարցը:

 

Փոխնախարարի խոսքով`  նախարարությունը բավականին արդյունավետ համագործակցություն է ծավալում երկկողմ ձևաչափով, այդ թվում` նաև հարևան երկրների հետ, և սեպտեմբեր ամսին փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է փորձագետների այց Հայաստան Վրաստանից, Մոլդովայից և Իրանից:

 

Անդրադառնալով ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի քննարկումներին` փոխնախարարը հայտնեց, որ ստեղծված են 12 աշխատանքային խմբեր, որոնք նպատակաուղված են գյուղատնտեսության ոլորտում տարբեր համատեղ ծրագրերի իրականացմանը:   

 

Ընդգծելով, որ ԵՏՄ-ն ներկա դրությամբ ամենաարդիական շուկան է հայրենական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար` փոխնախարարը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը այժմ միջոցներ է ձեռնարկում դեպի ԵՏՄ շուկա արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և 2016 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղբանջարեղենի արտահանման ծավալներն աճել են 90 տոկոսով:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել