ՀՀ գյուղատնտեսության նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է CARMAC 2 ծրագրի ընթացքը

2016-07-22

11ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC 1 ծրագրի արդյունքները, ինչպես նաև CARMAC 2 ծրագրի ընթացքը:

 

Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ պատվիրակության հետ համատեղ գործուն աշխատանքը կնպաստի ծրագրերի արդյունավետության ապահովմանը:

 

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության առաջին ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը: Այդ հաջողություններն ամրապնդելու և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար հարկավոր է մշտական ուշադրության կենտրոնում պահել նաև ծրագրի երկրորդ փուլով իրականացվող աշխատանքների կատարումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Իր հերթին Բեքզոդ Շամսիևը  բարձր է գնահատել CARMAC 1 ծրագրի արդյունքները` հավելելով, որ այն հիմք է հանդիսացել ծրագրի երկրորդ փուլի բարեհաջող ընթացքի համար: 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում «Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի» (GEF) ֆինանսավորմամբ իրականացված արոտավայրերի բարելավման և գնահատմանն ուղղված միջոցառումների շարունակման հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում անասնաբուժական սպասարկման կենտրոնների կողմից իրականացվող արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերը` միաժամանակ կարևորելով անասնաբուժական սպասարկման կենտրոնների կարողությունների հզորացման անհրաժեշտությունը:

 

Կողմերը համակարծիք էին, որ արհեստական սերմնավորումը` որպես ծրագրի կարևոր բաղադրիչ, էապես կարող է նպաստել ոչ միայն գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացմանը, այլև կաթնատվության և մթերատվության բարձրացմանը: 

 

Անդրադարձ է կատարվել նաև անասնապահության հետագա զարգացման համար մեծ կարևորություն ունեցող գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման խնդրին:

 

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև «Հայաստանում խաղողագործության վերակազմակերպման» (ֆիլոքսերայի դեմ պայքարի) դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորության հարցը, որի շրջանակում պատվիրակության անդամներն առաջարկել են համատեղ ուսումնասիրել Նոր Զելանդիայի փորձը` հետագայում այն Հայաստանում կիրառելու նպատակով:

 

Կողմերը քննարկել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել