Խաղողի կարկտահարված այգիների արագ վերականգնմանն ուղղված միջոցառումները

2016-07-12

VinogradՀայաստանի Հանրապետության այգեգործական շրջաններին մեծ վնաս է պատճառում կարկտահարությունը:

Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են`թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ  գտնվող 2-3 շվերի հիմքի 2-3 հանգույցները` տերևներով: Վազի թևերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաև մատերի հիմքի անկյունային աչքերից առաջացած շվերի ինտենսիվ աճին:

 

 Խոր հատումներից հետո վազի վրա անհրաժեշտ է թողնել համեմատաբար քիչ քանակությամբ շվեր և աչքեր, 10-15 օր անց բազմամյա մասերի քնած աչքերից, միամյա մատերի հիմքի աչքերից և կարճ էտված կանաչ շվերի հանգույցներից մեծ թվով շվեր են աճում`ստեղծելով համեմատաբար խիտ սաղարթ: Երբ շվերի հիմնական մասը կունենա 5-6 տերև, անհրաժեշտ է կատարել շվատում` հեռացնելով ձևավորման համար ոչ պիտանի շվերը:

 

 Վազը կապահովվի ասիմիլյացիոն մակերեսով, անհրաժեշտ քանակությամբ շվերով ու բճաշվերով, որոնք լավ երաշխիք են հանդիսանում տնկարկների հաջորդ տարվա բերքատվության ապահովման համար:

 

 Շատ ուժեղ վնասվածության դեպքում խիստ վնասված թևերի վրա անհրաժեշտ է կատարել խորը էտ` դրանք կարճացնել մինչև առողջ մնացած կամքի չվնասված մասերը: Թևերից և ենթաթևերից պետք է թողնելձևավորման համար համապատասխան դիրք ունեցող քիչ վնասված մասերը: Դրանց վրայի վնասված մատերը կարճացնել մինչև հիմքի 2-4-րդհանգույցները` պահպանելով դրանց վրա եղած շվերի հիմքերը` անկյունային աչքերով:

 

Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով պետք է այգին սնուցել` 150-170 կգ ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 70-80 կգ կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը կարող է խոչընդոտել շվերի փայտացմանը, ուստի անհրաժեշտ է խիստ սահմանափակել դրանց օգտագործումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է խնամքով ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ տարվող մյուս աշխատանքները:

 
Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի ժամանակին, առանց ուշացման, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցառումներ վազերի կանաչ օրգանները  հիվանդություններից ու վնասատուներից պաշտպանելու համար:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել