Գյուղատնտեսության նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն

2016-06-22

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով:

 

«Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա: Այսօրվանից վերամշակող գործարաններում սկսվում է նաև մթերման գործընթացը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալվում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և այս տարի նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազար տոննա բերք», – լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` այս տարի հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:

 

Մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ  նախատեսվում է պահպանել այդ բարձր ցուցանիշը:

 

«Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ»  ընկերության  տնօրեն Համլետ Թադևոսյանն  իր հերթին ընդգծել է, որ այս տարի ծիրանն ավելի լավ ապրանքային տեսք ունի, մթերման գործընթացը հաջող է ընթանում, այս պահին մթերման գինը 500 դրամ է, նախատեսում են կրկնապատկել նախորդ տարվա մթերումների քանակները:

 

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է նաև կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները` 5000 տոննա նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Ինչպես  նախորդ տարիներին, հետագայում կազմակերպվելու են նաև դեղձի, սալորի, խաղողի և այլ մրգերի մթերումներ: Համլետ Թադևոսյանը նաև նշել է, որ ընկերությունում արդեն գործարկվել է նոր արտադրամաս, որը գտնվում է փորձարկման փուլում: Այստեղ կվերամշակվեն մրգեր, կարտադրվեն հյութեր և կոմպոտներ` Ռուսաստանի Դաշնություն և  Եվրամիության երկրներ արտահանելու նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել