ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել
2016-06-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել , որին մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին, տեղակալներ Սամվել Գալստյանին և Գառնիկ Պետրոսյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
«Համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում որոշում է կայացվել կրճատել երեք փոխնախարարի հաստիք: Սա իհարկե շատ դժվար որոշում էր, մենք շուրջ 6 տարի իրար հետ ճանապարհ ենք անցել, դրանք շատ կարևոր տարիներ էին, որոնց ընթացքում գյուղատնտեսության ոլորտում համատեղ աշխատանքի շնորհիվ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ երեք փոխնախարարներն էլ իրենց գործի գիտակ, բարձրակարգ մասնագետներ են, ովքեր տասնյակ տարիների ընթացքում կարևոր ներդրում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, և կրճատման փաստը որևէ առնչություն չունի նրանց մասնագիտական կարողությունների հետ:
Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը նույնպես շնորհակալություն են հայտնել նախարարին և նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ կշարունակեն իրենց փորձառությունն ու գիտելիքները ներդնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Սերգո Կարապետյանը Գառնիկ Պետրոսյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ Գրիշա Բաղիյանին և Սամվել Գալստյանին` պատվոգրերով (նախկինում վերջիններս արդեն իսկ արժանացել են ոսկե մեդալների):
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին