ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը

2016-05-30

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեյմս Ռեյնոլդսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը, հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Գագիկ Մկրտչյանը, այլ անձինք:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքները և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հեռանկարները:

 

«Հիմնադրամը ստեղծման օրվանից ի վեր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում լայնածավալ և  էական կարևորություն ունեցող աշխատանք է իրականացնում` հանդես գալով  ոլորտում  ժամանակի պահանջը հանդիսացող նորագույն տեխնոլոգիաների կիրառման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

 

Նախարարը մասնավորապես  կարևորել է անվար ցանքի տեխնոլոգիայի ներդրման հիմնադրամի նախաձեռնությունը և այս ուղղությամբ կատարված աշխատանքները` ընդգծելով, որ այն   հատկապես  էական նշանակություն կունենա, եթե կիրառվի մեր հանրապետության անջրդի հողերի մշակությունն իրականացնելու գործում:

 

Կողմերն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտում անցյալ տարի հիմնադրամի աջակցությամբ անասնաբուժական ծառայությունների իրականացման համար շարժական լաբորատորիայի  ներդրմանը, որը հնարավորություն է տալիս հետազոտություններ իրականացնել դաշտային պայմաններում` այդպիսով արագորեն կանխարգելելով հիվանդությունների տարածումը:

 

Հյուրերը նշել են, որ Հայաստան կատարած հերթական այցի հիմնական նպատակը ծրագրի իրականացման պրակտիկ արդյունքների դիտարկում է` տեղեկացնելով, որ  արդեն ևս երեք լաբորատորիաներ են բերվել, որոնցով կվերազինվեն անասնաբուժական ծառայություններ մատուցող տարածքային ստորաբաժանումները:

 

Որպես հետագա համագործակցության զարգացման ուղղություն` նախարարն առաջարկել է քննարկել  խաղողի ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսությունների հիմնման համար ֆիլոքսերակայուն  ամերիկյան սորտեր տրամադրելու հնարավորության հարցը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:  

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպել