ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն

2016-05-17

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

 

Այցելության սկզբում նախարարը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, ուր պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտեր:

 

«Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակության զարգացման և մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր։», – նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև հավելել է, որ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր և   նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու և լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար:

 

Տեղեկացնելով, որ այս տարի կենտրոնում հիմնվել է նաև խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ մշակվելու են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր, նախարարը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում.  հավաքագրման գործընթացը շարունակվում է: Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաև ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն:

 

Ծանոթանալով կենտրոնի ընթացիկ աշխատանքներին` նախարարը տվել է հանձնարարականներ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել