ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ

2016-03-31

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի  պատգամավորները,   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ:

 

«Արագածոտնի մարզում գյուղատնտեսության ոլորտը վերջին շրջանում զգալի առաջընթաց է ունեցել: Մարզի մասնաբաժինն անցած տարվա գյուղատնտեսական արտադրանքի համախառն արդյունքի մեջ կազմել է մոտավորապես 10 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ընդ որում, հաջողություններ են գրանցվել ոլորտի բոլոր ճյուղերում, հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության, պտղաբուծության և խաղողագործության, ինչպես նաև անասնապահության բնագավառում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ  մարզում 2711 հեկտարով ավելացել են մշակովի հողատեսքերը,   հավելյալ 1143 հեկտար աշնանացան է կատարվել, բարձրացել է բերքատվությունը, որն այժմ կազմում է 32,6 ց/հա:

 

Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Արագածոտնում կատարված աշխատանքներին` նախարարը տեղեկացրել է, որ ՀԳՌԿՄ  1-ին   ծրագրում   ընդգրկված 12 համայնքներում ստեղծվել են  կոոպերատիվներ, անցկացվել է  45 կմ ջրագիծ, տեղադրվել է 38 խմոց, տրամադրվել է 127 միավոր գյուղտեխնիկա, որից 24–ը` տրակտոր։

 

 Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը խթանելու նպատակով պետական օժանդակության ծրագրերն իրականացնելիս այսուհետ նախապատվությունը տրվելու է կոոպերատիվներին: Մասնավորապես, «ՀԳՌԿՄ 2» ծրագրի միջոցներով ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղտեխնիկա, ստեղծվելու են փոքր վերամշակվող արտադրամասեր, ինչը թույլ կտա կոոպերատիվների անդամներին շոշափելիորեն ավելացել իրենց եկամուտները:

 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականին ոռոգման ոլորտում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք հաջողվել է հաղթահարել: Նա նաև հույս է հայտնել, որ ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես կհաջողվի մարզում ապահովել ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի պաշարները: Տեղեկացնելով, որ մարզում գործում են 6 ջրօգտագործողների ընկերություններ` կոմիտեի նախագահը շեշտել է, որ ՋՕԸ-երի ղեկավարները մշտապես մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց գործառույթներին:

 

Խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել  Վաղինակ Իսրայելյանը և  Հունան Սարգսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

 

Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոր Ամանոս համայնք` ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակում  նոր ստեղծված սպառողական կոոպերատիվի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը նշել է, որ ներկայումս պետությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսների միավորման և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը խթանելու ուղղությամբ: Նախարարը նաև հավելել է, որ կոոպերատիվների ձևավորման գործում որպես հիմք ընդունվում է եվրոպական երկրների, մասնավորապես  Ֆրանսիայի հարուստ փորձը:

 

Նոր Ամանոս համայնքի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կոոպերատիվի հիմնումը համայնքի գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կառավարման առավել նպատակահարմար ճանապարհն էր: Կոոպերատիվն այժմ ունի 67 անդամ, շուտով կհամալրվի նաև նոր անդամներով: Համայնքն անասնապահական ուղղվածություն ունի, և ՀԳՌԿՄ ծրագիրը, համայնքապետի հավաստմամբ, զգալի դրական ազդեցություն կարող է ունենալ մի շարք խնդիրների լուծման համար: Վահրամ Բաղդասարյանը նաև հավելել է, որ գյուղի բնակիչներին հուզող հիմնական հարցն այս պահին ոռոգման խնդիրն է, որը նախարարի միջամտությամբ դրական լուծում կստանա:

 

Նախարարի վերջին կանգառը Վերին Սասնաշեն համայնքում էր: Տեղի կոոպերատիվն այստեղ ստեղծվել է դեռևս 2014 թվականի ապրիլին, և արդեն դրական արդյունքները  նկատելի են: Երկու տարվա գործունեության ընթացքում ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է 5 միավոր գյուղտեխնիկա, ջրարբիացվել են ավելի քան 5 կմ արոտներ, ավելացել է անասնագլխաքանակը և կաթնատվությունը:  Կոոպերատիվի անդամները նախարարի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնեցին կոոպերատիվի գործունեությունից, բարձրացրեցին նաև ընթացիկ խնդիրներ` մատնանշելով մասնավորապես  ոռոգման, ինչպես նաև կաթի և մսի իրացման հարցերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել