Նախարարը Արարատում և Արմավիրում հետևել է ցրտահարությունների դեմ իրականացված աշխատանքներին

2016-03-18

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում` ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարության, գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների  և մարզպետարանների մասնագետները:

 

Տեղերում այգեգործները հիմնականում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին կատարել  մասնագետների կողմից տրված ցուցումներին համապատասխան`  սպասվող ցրտահարության հետևանքները մեղմելու համար:

 

Մասնավորապես Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս տարի ավելի լավ են նախապատրաստվել  ցրտահարության դեմ պայքարին, բացի այդ նաև ավելի ակտիվ համագործակցություն է եղել նախարարության մասնագիտական կառույցների հետ: Նա նաև նշել է, որ համայնքում ծիրանենու այգիները կազմում են մոտ 350 հեկտար, 2015 թվականին  համայնքում ստացել են մոտ 800 տոննա ծիրանի բերք, որի զգալի մասն արտահանվել է:

 

 Ցրտահարության դեմ պայքարի միջոցներ կիրառելու նպատակով գյուղացիները իրականացրել են ինչպես ավանդական միջոցառումներ` ծխահարություններ և ոռոգում, այնպես էլ նոր մեթոդներ: Մասնավորապես Այգեպատ համայնքում այգեգործ Ռաշիդ Խաչատրյանն այս տարի արտերկրում կիրառվող մի մեթոդ է  փորձարկել, որի մասին տեղեկացել է հեռուստաեթերից նախարարության մասնագետներից: Ըստ այդմ` ծաղկած ծիրանենիներն անձրևացման միջոցով ցողապատում են և երբ ջերմաստիճանը 0-ից նվազում է, ծաղիկները պատվում են սառցե կեղևով, բյուրեղացման ընթացքում ջերմություն է անջատվում, դրանք մեկուսանում են շրջապատից, ինչն էլ  օգնում է պաշտպանվել ցրտահարությունից: Նախարարության մասնագետները դիտարկել են կատարված աշխատանքները և տվել լրացուցիչ խորհուրդներ ու ցուցումներ:

 

Շրջայցի ճանապարհին նախարար Կարապետյանը կանգառներ է կատարել մարզերի  գրեթե բոլոր համայնքներում, հանդիպել ու զրուցել  այգեգործների հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել