ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության պատվիրակությանը

2016-03-10

10.03.2016ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահներ Մանուել Վալդեսին և Անտոնիո Լուկեին` գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագրով նախատեսվող համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:

 

Հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 2015 թվականի հունվարին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության միջև, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում կառուցել 5 հա ջերմոցային տնտեսություն, իսկ հարակից տարածքում՝ հիմնել ինտենսիվ այգիներ:

 

«Ջերմոցային տնտեսությունների կառուցումն ու ինտենսիվ այգիների հիմնումը մեր երկրի գյուղատնտեսության գերակա խնդիրներից են, և համոզված եմ, որ ձեր ընկերության հաջող փորձն արտասահմանյան այլ ընկերություններին վառ օրինակ կծառայի Հայաստանում հաստատվելու և ակտիվ գործունեության ծավալելու համար», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Անդրադառնալով մեր երկրում հիմնվող ինտենսիվ այգիների պահպանման համար ոռոգման նորագույն տեխնոլոգիաների ներդրման և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի կարևորությանը` նախարարն առաջարկել է տեղում կազմակերպել հակակարկտային և ոռոգման համակարգերի արտադրությունը, ինչը թույլ կտա նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը և   արտադրվող պաշտպանիչ միջոցներն արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ, որտեղ նույնպես նորագույն տեխնոլոգիաների ներդրման պահանջարկ կա:

 

Հյուրերը այս առիթով նաև հավելել են, որ այժմ բանակցություններ են ընթանում իսպանական առևտրային բանկերի հետ՝ ցածր տոկոսադրույքներով և երկարաժամկետ վարկեր  ձեռք բերելու նպատակով նախատեսվող ծրագրերը ֆինանսավորելու համար:

 

Հաշվի առնելով Իսպանիայի հարուստ փորձը գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և զարգացման գործում` ընկերության փոխնախագահ Մանուել Վալդեսն իր հերթին առաջարկել է այս ոլորտը նույնպես ներառել երկկողմ համագործակցության շրջանակի մեջ: Այս համատեքստում նա մասնավորապես առաջարկել է կազմակերպել համատեղ ուսումնական այցեր փորձի փոխանակման նպատակով: Ողջունելով այս առաջարկը՝ նախարար Կարապետյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցելությունները կլինեն արդյունավետ և փոխշահավետ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել