ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը

2016-03-04

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը:

 

«Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար` առաջին հերթին վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև  պայմանագրերի կնքման միջոցով, ինչը թույլ կտա հստակեցնել կողմերի պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու ժամկետները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: 

 

Անդրադառնալով նախորդ տարում խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը  նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ  պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին,  որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել:

 

Ընդգծելով, որ այժմ առաջնահերթ է վճարումների իրականացման հարցը` հատկապես հաշվի առնելով այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների սովորականից ավելի վաղ սկսվելու հանգամանքը, նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև ապրիլի 1-ն ավարտին հասցնել մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների կատարումը: 

 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի փետրվար ամսին Հնդկաստան կատարած այցի արդյունքները:  Խորհրդակցության մասնակիցներին տրամադրվել են  հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած հնդկական ընկերությունների կոնտակտները`   գործարար կապեր հաստատելու և հայկական կոնյակն ու գինին Հնդկաստանի շուկա արտահանելու հնարավորությունների շուրջ բանակցություններ սկսելու նպատակով: Նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում որոշ հնդկական ընկերություններ նախատեսում են այցելել Հայաստան, և նախարարությունը նաև  կնախաձեռնի հայկական ընկերությունների հետ  գործարար հանդիպումների կազմակերպումը:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խաղողագործության և գինեգործության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել