ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

2016-01-20

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է  Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)  պատվիրակությանը, որի կազմում էին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի բաժնի տնօրեն Խալիդա Բուզարը, ԳԶՄՀ Հայաստանի ծրագրերի ղեկավար Պատրիկ Հերլանտը և այլք:

 

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Երևանում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» մեկնարկի կապակցությամբ:

 

«Հայաստանում իր երկարամյա գործունեության ընթացքում IFAD-ն իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք շատ արդյունավետ ընթացք են ունեցել: Համոզված եմ, որ մեկնարկող ծրագիրը նույնպես հաջող ընթացք կունենա և կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Այնուհետև նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթություններն ու գերակա խնդիրները: Այս համատեքստում նախարարը մասնավորապես, կարևորել է պտուղ-բանջարեղենի, մսի և կաթի վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, չորանոցների կառուցման, ինչպես նաև գյուղմթերքի շուկայահանման հարցերը:

 

Նախարարը ընդգծել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման, ոռոգման համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, նոր ջրամբարների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիմնադրամը յուրաքանչյուր երեք տարին մեկ քննարկում է տարբեր պետություններում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը` պատվիրակության ղեկավար Խալիդա Բուզարն իր հերթին առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մշակել գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի նախագիծ, որը սահմանված կարգով կհաստատվի ԳԶՄՀ Խորհրդի կողմից 2017 թվականին: Տիկին Բուզարը նաև հավելել է, որ նշված ծրագրի մշակմանն աջակցելու նպատակով Հայաստան կգործուղվի մասնագետների փորձագիտական խումբ:

 

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:  
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հիմնադրամի հետ հայկական կողմի համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:   

 

                                          ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
                                          հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել