ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

2016-01-11

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով:

 

 Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:

 

«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում,  և  այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

 

 Այս համատեքստում նախարարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել խնայողական ռեժիմների կիրառման, իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց կատարողականների նկատմամբ մշտադիտարկումների անցկացման հարցերին:

 

 Ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և տնտեսական աճ ապահովելու առումով նախարարն ընդգծել է  նաև հանրապետությունում չմշակվող հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման  խնդիրները` առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի և կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարևորությունը:

 

Այս առումով նախարարը հանձնարարել է պատասխանատուներին  ամենօրյա աշխատանքներ իրականացնել մարզպետարանների և գյուղացիական տնտեսությունների հետ` այս հարցում շեշտադրելով հատկապես խորհրդատվական համակարգի  ակտիվ դերակատարումը:

 

 
Նախարարը կարևորել է նաև  աշխատանքների ինտենսիվացումը բուսաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում`  կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման,  ջերմոցային տնտեսությունների ավելացման գործում:

 

Անդրադառնալով անասնապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերին` Սերգո Կարապետյանն առանձնացրել է արհեստական սերմնավորման, տոհմային երինջների ներկրման, սպանդանոցների շահագործման և  <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ( CARMAC 2) ծրագրի ներքո նախատեսված աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ:  

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև արտահանումների ավելացման, կոոպերացիայի զարգացման, մթերումների դիմաց վճարումների կատարման, վերամշակողների և գյուղացիների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլ հարցեր:

 

Պատասխանատուներին տրվել  են առանձին հանձնարարականներ և ցուցումներ` իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտների վերաբերյալ:

                                                                                                                                                                                       

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

 

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել