Հորդանանը հետաքրքրված է Հայաստանից գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ

2015-12-03

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հորդանանի «Կենդանիների հիվանդությունից զերծ գոտի» ծրագրի համակարգող, Հորդանանի գյուղատնտեսության նախկին նախարար պարոն Սաիդ Ալ-Մասրիին և ծրագրի գործադիր տնօրեն Վալիդ Սաիդին: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

 

Հանդիպման սկզբում պարոն Սաիդ Ալ-Մասրին տեղեկացրել է, որ այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը և քննարկել անասնապահության ոլորտում համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ քայլեր են ձեռնարկվում Հորդանանը անասնաբուծության տարածաշրջանային հանգույցի  վերածելու և այստեղ նոր ռեգիոնալ անասնաբուծական շուկա ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով 2016 թվականի կեսերից նախատեսվում է  մեկնարկել  «Կենդանիների հիվանդություններից զերծ գոտի» վերտառությամբ ծրագիր, որի շրջանակում այժմ դիտարկվում են այն երկրները, որոնք կարող են դառնալ պոտենցիալ մատակարար այդ գոտու համար` հետագայում այդ կենդանիները Հորդանանից դեպի այլ արաբական երկրներ տեղափոխելու նպատակով:  

 

Ծրագիրը, որն արաբական երկրներում իրականացվող ամենամեծ նախագիծն է հանդիսանալու, իրականացվելու է խոշորագույն «The King Abdullah II Fund for Development (KAFD)» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

 

Պարոն Սաիդ Ալ-Մասրին ընդգծել է, որ նկատի ունենալով Հայաստանում ոչխարաբուծության ճյուղի բարձր մակարդակը, ինչպես նաև տեղական ոչխարների որակական բարձր հատկանիշները, հորդանանյան կողմը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը նույնպես ընդգրկվի այդ ծրագրի մեջ` որպես կառուցվող գոտու  համար ոչխարների մատակարարման հիմնական գործընկեր:

 

«Հայաստանը անասնապահության, և մասնավորապես, ոչխարաբուծության ոլորտում ունի զարգացման մեծ ներուժ, ուստի կարծում եմ, որ այս ոլորտում մեր երկկողմ համագործակցությունը կլինի շատ արդյունավետ և փոխշահավետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ծրագրի իրագործման հարցում», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Համառոտ ներկայացնելով Հայաստանում ոչխարաբուծության ոլորտի ներկա վիճակն ու այս ճյուղի զարգացման հեռանկարները` նախարարը շեշտել է, որ մեր երկրից տարեկան հնարավոր է արտահանել մոտ 250-300 հազար գլուխ ոչխար:

 

Պատվիրակության անդամները նաև նշել են, որ ծրագրի շրջանակում գարնանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում նախատեսվում է կազմակերպել շահառու երկրների մասնակցությամբ խոշոր կոնֆերանս, ինչպես նաև ցուցահանդես-համտես, որի ընթացքում դեպի հորդանանյան հատուկ գոտի արտահանող երկրները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը:

 

Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում  հայ-հորդանանյան համագործակցությունը աստիճանաբար ավելի կընդլայնվի և կզարգանա` ընդգրկելով ոլորտային այլ ճյուղեր ևս:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել