ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում այցելել է «Ոսկե կացին» սպանդանոց

2015-11-27

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ  այսօր  Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելել է 2015 թվականի օգոստոս ամսին շահագործման հանձնված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն:

 

Ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, այլ պաշտոնատար անձինք:

 

«Հայաստանը Իրանի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության բնագավառի մի շարք ճյուղերում: Մասնավորապես, երկկողմ փոխգործակցության համար առավել հեռանկարային են այն ոլորտները, որոնցում Իրանն ունի բավականին մեծ առաջընթաց` սերմնաբուծությունը, պտղաբուծությունը, կաթիլային ոռոգումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը համագործակցության հնարավոր ուղղություններից է համարել նաև հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, հատկապես անասնապահության ոլորտում` պատրաստի մսամթերքը հետագայում դեպի Իրան արտահանելու նպատակով: Այս առումով նախարարը տեղեկացրել է, որ նկատի ունենալով Իրանում Հայաստանից ներկրվող ոչխարի մսի պահանջարկը, հայկական կողմը կարող է տարեկան 250-300 հազար գլուխ ոչխար արտահանել Իրան:

 

Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել հարևան երկրի ներկայացուցիչներին Հայաստանում ներդրումներ իրականացնելու  գործում։

 

Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին իր հերթին բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Նա նաև հավելել է, որ շնորհիվ բարձր որակական հատկանիշների` Իրանում մեծ է հատկապես հայկական անասապահական և թռչնաբուծական ատրադրանքի, կաթնամթերքի և մսամթերքի պահանջարկը:

 

Սպանդանոցում նախարարի շրջայցի ընթացքում գլխավոր տնօրեն Առնոլդ Մանուկյանը տեղեկացրել է, որ գործունեության սկզբում այստեղ 1 հերթափոխի ընթացքում մորթի էին ենթարկվում 700 գլուխ կենդանիներ, ներկայումս այդ թիվը հասցվել է 1000 գլխի, և նախատեսվում է հետագայում 1 հերթափոխում իրականացնել 1500 գլուխ կենդանու մորթ: Մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը նախատեսվում է կազմակերպել նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Այժմ շինարարական աշխատանքներ են տարվում խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հոսքագիծ կառուցելու նպատակով:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել