ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

2015-11-06

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

 

Այցի սկզբում նախարարն այցելել է Տոլորս համայնք,  զրուցել համայնքապետի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գյուղացիները նախարարի հետ զրույցում հատկապես կարևորել են գյուղատնտեսական մթերքների իրացման հարցը, մասնավորապես շեշտադրել մսի, կաթի մթերման ցածր գների խնդիրը, ինչպես նաև բարձրացրել մթերման դիմաց կատարվող վճարումների hարցը: Տոլորսի բնակիչներին մտահոգում էր նաև գյուղտեխնիկայի մաշվածությունը, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին և որակով կատարմանը։

 

Արձագանքելով մթերման հետ կապված հարցին` նախարարը մասնավորապես նշել է, որ ընթացիկ տարին աչքի է ընկել բերքի առատությամբ, ինչը հատկապես խաղողի մթերման հետ կապված որոշակի դժվարություններ առաջացրեց, որոնց սակայն  նախարարությունը հընթացս օպերատիվ լուծումներ է տվել և արել է հնարավորը խնդիրները կարգավորելու համար:  Նախարարի խոսքով` պարենային մի շարք ապրանքների (ցորեն, կաթ) ցածր գները միջազգային տենդենցներով են պայմանավորված և ժամանակավոր բնույթ են կրում:

 

Նախարարը հայտնել է, որ բոլոր մարզերում, այդ թվում` նաև Սյունիքում, նախատեսում են կառուցել սպանդանոցներ, որոնք կնպաստեն մսի իրացման խնդրի լուծմանը, ինչպես նաև տեղերում պետք է ստեղծվեն վերամշակման փոքր արտադրամասեր,  որոնք էապես կթեթևացնեն գյուղմթերքի իրացման հոգսերը:

 

 Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ցանկություն են հայտնել ընդգրկվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում, ինչը հնարավորություն կտա ջրարբիացնել հեռագնա շուրջ 1300 հա արոտները: Նախարարը նշել է, որ ծրագրի պատասխանատուներին  արդեն իսկ հանձնարարված է ուսումնասիրություններ իրականացնել խնդրի առնչությամբ:

 

Գյուղացիների հետ զրույցում նախարար Կարապետյանը հորդորել է  գյուղատնտեսական կոոպերատիվ հիմնել, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանը: Նախարարի խոսքով` արդեն հանրապետությունում 100-ից ավել կոոպերատիվներ են ստեղծվել, և արդյունքները գոհացուցիչ են:

 

Նախարարը նաև հավաստիացրել է, որ մատչելի գներով սերմացուի, պարարտանյութի, դիզվառելիքի և սուբսիդավորվող վարկերի  տրամադրման պետական աջակցության ծրագրերը  ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 2016 թվականին ևս կշարունակվեն:

 

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի Ծղուկ համայնքում գործող «Բորիսովկա» ՍՊԸ-ի պանրի արտադրամասը: Ընկերության տնօրենի տեղեկացմամբ իրենք համագործակցում են մարզի 6 համայնքների ավելի քան 150 ֆերմերների հետ,  օրական վերամշակում են 9,000 լիտր կաթ, արտադրում են կարագ և 7 տեսակի պանիրներ, որոնցից 3-ը եվրոպական՝ մոցարելլա,  կամամբեր, ռիկոտա։   Նրա խոսքով`  առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքները և  շուրջ երեք անգամ ավելացնել արտադրության ծավալները: Նախարարը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից, հավելել է, որ ընկերությունը կարող է մասնակցել նաև ՀՀ ԳՆ ԳԾԻԳ ծրագրի արժեշղթայի զարգացման բաղադրիչի դրամաշնորհային մրցույթին և պայմաններին բավարարելու դեպքում ստանալ մինչև 50 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության հարցերի բարելավման և արտահանման հնարավորությունների ավելացման նպատակով` նույն չափով ներդրում իրականացնելու պայմանով։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին 

 

 

 

 

 

Տպել