Քննարկվել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքների ընթացքը

2015-08-03

unnamedՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին` Հայաստանում  կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի և դրա կանխարգելման համատեղ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

 

«ԱՄՆ գյուղդեպարտամենտը մշտապես աջակցում է Հայաստանի Հանրապետությանը կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի խնդրում, և կարծում եմ, որ համատեղ ուժերով և միասնական ջանքերով մենք կարող ենք այս հարցում  ևս շոշափելի արդյունքներ գրանցել», – նշել է նախարար Կարապետյանը:

 

Այս ենթատեքստում զրուցակիցներն ընդգծել են երկրում գործող լաբորատորիաների` ժամանակակից սարքավորումներով վերազինման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման կարևորությունը, ինչպես նաև ամերիկյան փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

 

Իր հերթին Վալերի Ռագանը գոհունակությամբ նշել է, որ արդեն ավարտին են մոտենում կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագծի մշակման աշխատանքները: Ծրագիրը  միտված է նպաստել բրուցելյոզի վաղ ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, որի շրջանակում պետք է իրականացվի նաև կենդանիների հաշվառում և համարակալում:

 

Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ հատկապես կարևոր է այն թիրախային համայնքների ընտրությունը, որտեղ ծրագիրը առավել զգալի հաջողություններ կարող է ունենալ: Շեշտվել է ծրագրով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը, ինչը կնպաստի նրանց առավել ակտիվ ներգրավվածությանն ու մասնակցությանը բրուցելյոզի ախտորոշման և կանխարգելման շրջանակում իրականացվող միջոցառումներին:

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնել համատեղ գործողությունների շրջանակը կենդանիների բրուցելյոզի և այլ հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել