«Անտառային հրդեհների հակազդում» թեմայով ուսումնավարժություն Լոռու մարզում

2015-07-16

no_pic5Չոր և շոգ եղանակի պատճառով հանրապետության շրջանների զգալի մասում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգություն: Լոռու մարզի անտառային տարածքները հրդեհներից զերծ պահելու, անտառամերձ համայնքների բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանելու, անտառապետերի զգոնությունը բարձրացնելու նպատակով 2015 թվականի հուլիսի 14-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության մասնաճյուղում անցկացվեց «անտառային հրդեհների հակազդում» թեմայով ուսումնավարժություն:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզպետարանի, մարզային փրկարար վարչության և ՀՀ ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք անտառամերձ համայնքների ղեկավարներ:

Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ գործողությունները անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման կազմակերպման և հետևանքների վերացման ուղղությամբ:

Միջոցառման կազմակերպիչները հորդորեցին համայնքների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, հրդեհների պատճառած վնասների և դրանց հետևանքների վերաբերյալ իրազեկման աշխատանքների կազմակերպման հարցին:
Մասնավորապես նշվեց, որ անտառային հրդեհների առաջացման հիմնական պատճառը համայնքային հողերի, բուսածածկի մնացորդների հրկիզումն է, ինչը համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի` արգելվում է. մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Տպել