ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Շիրակի մարզ

2015-07-01

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` դիտարկելու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանիկ այգիների հիմնման պետական ծրագրերի արդյունքները:

 

Նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ եղել է Մարմաշեն համայնքի բնակիչ Կարեն Արշակյանի տնտեսությունում: 2010 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Թամարա Ֆրութ» ընկերության հետ կնքված եռակողմ պայմանագրով ֆերմերը 3 հեկտար ազնվամորու օրգանիկ տնկարկ է հիմնել, անցկացրել է կաթիլային ոռոգման համակարգ: Այժմ բերքատվությունից գոհ է, մեկ հեկտարից մոտ 1,5 տոննա ազնվամորի է ստանում, «Թամարա Ֆրութի» հետ բերքի մթերման 8 տարվա պայմանագիր ունի: Նախարարը գյուղատնտեսին հորդորել է ավելացնել ազնվամորու մշակության տարածքները: Կարեն Արշակյանը նաև ջայլամաբուծությամբ է զբաղվում:

 

Նույն համայնքի ֆերմեր Ալեքսան Մարկոսյանը ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շահառուներից է, որին այս տարի հատկացվել է 2,1 տոննա աշնանացան ցորենի «վասսա» սորտի էլիտային վերարտադրության սերմացու: Ստացված սերմացուի հաշվին ֆերմերն այս տարի մոտ 7 հեկտարի վրա ցանք է կատարել, բերքից գոհ է, մեկ հեկտարից շուրջ 8 տոննա բերք է ակնկալում:

 

Նախարար Սերգո Կարապետյանը ցորենի ցանքատարածություններում շրջելուց հետո այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան»: Տնօրեն Ռուբիկ Կարախանյանի տեղեկացմամբ այստեղ 170 հեկտար տարածքի վրա հացահատիկային մշակաբույսներ են աճեցվում, որից 95 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, իսկ 75-ը գարնանացան գարու ցանքատարածությունները: Օգտագործվում են ինչպես տեղական, այնպես էլ ներկրված սորտեր: «Գյումրիի սելեկցիոն կայանի» տնօրենի հավաստմամբ` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ 20-25 տոկոսով ավել կլինի բերքատվությունը. նախարարի պահանջն է գյուղացիական տնտեսություններին ապահովել բարձր վերարտադրության, որակյալ սերմացուներով:

 

Զանգվածային լրատվության միջոցների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարը գոհունակություն է հայտնել ծրագրերի արդյունքներից` շեշտելով, որ այս տարի ցորենի ցանքատարածություններից բարձր երաշխավորված բերք է սպասվում:

 

«Իրականացվող ծրագրերի շնորհիվ մենք կարողանում ենք նաև երկրում պարենային անվտանգության խնդիր լուծել. եթե ցորենի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 2010 թվականին 33 % էր կազմում, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը հասավ 52%-ի, իսկ արդեն 2020 թվականին մենք նպատակ ունենք 65% ինքնաբավություն ապահովել», – իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարարը:

 

Նախարարի խոսքով` հանրապետությունում մշակվող հողատարածությունները 2010 թվականին կազմում էին 62%, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 74%-ի: Նա նաև հավելել է, որ ընթացիկ տարում արդեն լրացուցիչ մշակվել է մոտ 17 300 հեկտար հող, և դրանով իսկ ընդհանուր վարելահողերի տարածքը հասել է 78%-ի, ընդ որում Շիրակի մարզում մշակվում է ընդհանուր ցանքատարածությունների 84 %-ը, որը լավ ցուցանիշ է:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել