ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին

2015-06-30

Սերգո ԿարապետյանՀարգելի գործընկերներ,
Համաժողովի հարգելի մասնակիցներ,

 

Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակն է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ:

 

 

Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, այդ են վկայում հետևյալ ցուցանիշները:

 

 2014 թվականի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի 19.7 %-ը:Ագրովերամշակող ոլորտի հետ միասին մասնաբաժինը կազմել է 26.3 %:

Գյուղատնտեսությունում զբաղված են հանրապետությունում ընդհանուր զբաղվածների 36.3 %-ը: Գյուղական բնակավայրերում բնակվում են հանրապետության բնակչության ավելի քան 36.0 %-ը: Տեղական արտադրության հաշվին, էներգետիկ արժեքով գնահատված, ապահովվում է առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության ավելի քան 60 %-ը: Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության մեջ, 2014 թվականի տվյալներով, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 21.0 %, իսկ միայն արտահանման մեջ` 28.0 %:

 

Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ իրականացվել և շարունակվում են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը, որոնք որոշակիորեն նպաստել են ոլորտում դրական տեղաշարժերի:

 

Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերումներից է ցանքատարածությունների ավելացումը և արդյունքում` վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը: Այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է 74.4 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2010-2014 թվականների ընթացքում ավելացել են շուրջ 50.0 հազ. հեկտարով: Այդ միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարում: Ըստ օպերատիվ տվյալների, ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են շուրջ 17.0 հազ. հեկտարով և կազմել 350.0 հազ. հեկտար`վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով շոււրջ 78.0 %-ի:

 

Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև անասնագլխաքանակի ավելացման ուղղությամբ:

 

Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համախառն ներքին արդյունքի մեջ ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացման: 2014 թվականին 3.4 % ՀՆԱ-ի հավելաճի նպաստման 1.5 տոկոսային կետը կամ 44.1 %-ը բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին: Նշվածի հետ մեկտեղ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանն են ուղղվում պետական աջակցության մի շարք ծրագրեր:

 

Հակիրճ անդրադառնամ այդ ծրագրերից հիմնականներին:

 

 

Հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, հացահատիկային տնտեսության զարգացմանը, ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացմանն է ուղղվել «Ցորենի սերմանաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմացուներով, մատչելի պայմաններով, բավարարվել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը: Ծրագիրը շարունակվելու է նաև ընթացիկ տարում:

 

Հացահատիկային տնտեսության, կերարտադրության զարգացմանն է ուղղվել նաև 2011 թվականից իրականացվող «Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի բարձր վերարտադրության սերմերով բավարարվել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը շուկայական գներից 50.0 %-ով ցածր գներով:

 

 Ընդհանուր առմամբ, սերմնաբուծության, սերմապահովության բնագավառում իրականացված ծրագրերը նպաստեցին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը, հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը: Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2014 թվականին գերա¬զանցեցին 2010 թվականի մակարդակը 81.0 %-ով, իսկ բերքատվությունը բարձրացավ շուրջ 54.0 %-ով: Ցորենի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացան ավելի քան 84.0 %-ով, իսկ բերքատվությունը` 52.4 %-ով: Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Այդ ցուցանիշը 2014 թվականի համար գնահատվում է 52.0 %, 2010 թվականի 33.5 %-ի դիմաց: Նախանշված է ցորենի ինքնաբավության մակարդակը 2020 թվականին հասցնել 65.0 %-ի:

 

Վերջին տարիներին իրականացվել և ներկայումս էլ շարունակվում է գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական նյութական ռեսուրսների մատչելիության բարձրացման միջոցառումները: Դրան է ուղղվել <<Հողօգտագործողներին գյուղա-տնտեսական աշխատանքների համար մատչելի գներով հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության>> ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակում մարզերի կողմից ներկայացված պահանջարկին համապատասխան, շուկայականից 40-50 % ցածր գնով, ներառյալ փոխադրման ծախսերը, տնտեսավարողներին մատակարարվել է ազոտական, ֆոսֆորական և կալյումական պարարտանյութեր, ինչպես նաև` շուկայականից էականորեն ցածր գներով` դիզելային վառելանյութ:

 

 Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մակարդակի բարձրացումը: Վերջինիս նպաստել է 2011 թվականից մեկնարկած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը:

 

Ծրագրի շրջանակներում հանրապետության կառավարության կողմից հաս0տատված կարգին համապատասխան ոլորտին տրամադրվում են մատչելի` 14 % տոկոսադրույքով, հայկական դրամով վարկեր, որի 6 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից:

 

 2011 թվականի ապրիլ ամսից մինչև օրս գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 76 միլիարդ 600 միլիոն դրամ ընդհանուր գումարով, 88000 միավոր վարկ: Նշված ժամանակահատվածում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 824 միլիոն դրամ: 2015 թվականի համար ծրագրի առաջին փուլն ավարտական գործընթացում է, որի վարկավորման գումարը կազմում է 8 միլիարդ 200 միլիոն դրամ, երկրորդ փուլում` աշնանը նախատեսվում է ևս 7 միլիարդ դրամի վարկավորում:

 

Գյուղատնտեսության ոլորտում անասնաբուծության խթանմանն են նպաստել վերջին տարիներին իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, «Տավարաբուծության զարգացման ծրագիրը»: Վերջինիս շրջանակներում եվրոպական երկրներից հանրապետություն է ներկրվել շվից, հոլշտին և սիմենթալ ցեղերի շուրջ 2000 գլուխ տոհմային երինջ, որոնք մատչելի` տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են հանրապետության անասնապահական տնտեսություններին: Ստացվել են բարձր տոհմային և մթերատու հատկանիշներով օժտված, տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող բարձրարժեք տոհմային հորթեր: Մի շարք ընկերություններում ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է 7-8 հազար կգ կաթ, որը ավելի քան 3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը: 2015 թվականին նախատեսվում է արտերկրից ներկրել 707 գլուխ տոհմային երինջ, որի առաջին խմբաքանակը` 257 գլուխ կներկրվի մինչև օգոստոսի վերջը:

 

Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու, մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև բնակավայրերում և ճանապարհամերձ տարածքներում կենդանիների մորթը նվազագույնի հասցնելու նպատակով՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հանրապետության 4 մարզի 5 համայնքում կառուցվել և շահագործման են հանձնվել սպանդանոցներ:

 

 

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացվում է կենդանիների 8 վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, անասնահակահամաճարակային կանխարգելիչ տարեկան շուրջ 9.0 մլն միջոցառում, որի արդյունքում հանրապետությունում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ:

 

Հանրապետության անասնապահության զարգացման համար առանձնակի կարևորվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որն ընդգրկում է հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղական համայնքները, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։

 

 

Ծրագրի նպատակն է՝ աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավման և այլ միջոցներով։

 

Ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն, տնտեսված միջոցների հաշվին, աշխատանքներն իրականացվել են 91 համայնքում:

 

Նշված համայնքներում ծրագրում ընդգրկվածների թիվը կազմում է 160.0 հազ. մարդ կամ 40.0 հազ. ընտանիք: Ծրագրի շրջանակներում արդեն ջրարբիացվել է շուրջ 250.0 հազ. հա արոտ` հանրաապետության արոտների շուրջ 25 %-ը:

 

91 համայնքներում ձևավորվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Ստեղծված կոոպերատիվների գործունեությունը բարելավելու, դրանց կարողությունները հզորացնելու համար կոոպերատիվների համար իրականացվում է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում`

 

 

- տրամադրվել է 550 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից՝ 124 անիվավոր տրակտոր,
- կառուցվել է շուրջ 165 կմ ջրագիծ, տեղադրվել է 204 խմոց,
- 49000 քառ. մետր տարածության վրա կատարվել են արոտների ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ,
- հեռագնա արոտավայրերում կառուցվել են 8050 քառ. մետր ընդհանուր մակերեսով 12 փարախներ, անասնապահի 12 տնակներ, շահագործման են հանձնվել 2 անասնաբուժական սպասարկման կենտրոն:

 

 

Ծրագրի իրականացման արդյունքում ընդգրկված համայնքներում, միջին ժամկետում.

- մթերատվությունը բարձրացել է 20-25.0 %-ով,
- ավելացել է անասնագլխաքանակը և անասնապահական տնտեսությունների եկամուտները:

 

Հաշվի առնելով ծրագրի դրական արդյունքները՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակից մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2019 թվականին:

 

 

Նախորդ ծրագրում ներառված 6 մարզերին ավելացել է նաև Վայոց ձորի և Տավուշի մարզերը: Շուրջ 100 համայնքում իրականացվելու է անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրեր: Մասնավորապես, բոլոր համայնքներում նախատեսվում է հիմնադրել արոտօգտագործողների կոոպերատիվներ (2015թ. արդեն իսկ ձևավորվել է 30 կոոպերատիվ), տրամադրել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա` շուրջ 800 միավոր, այդ թվում` 170 միավոր տրակտոր, արոտավայրերում կառուցել ջրարբիացման համակարգեր (նախնական հաշվարկներով նախատեսվում է ջրարբիացնել շուրջ 160 հազ. հա արոտ, կառուցել 240 կմ ջրագիծ, տեղակայել 290 խմոց), աջակցել կոոպերատիվներին գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման գործում, բարեկարգել արոտավայրեր տանող ճանապարհները, աջակցել կոոպերատիվներին կաթի հավաքման և վերամշակման կետերի հիմնման աշխատանքներում:

 

Ծրագրի շրջանակներում իրակացվելու են նաև արժեշղթայի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման, փաթեթավորման և իրացման խնդիրների լուծմանը:

 

 

Նշվածի հետ մեկտեղ գյուղական համայնքներում իրականացվում են նաև` «Բույսերի պաշտպանության», «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների», «Գյուղական խորհրդատվական ծառայությունների» և այլ ծրագրեր:

 

Ներկայումս գյուղատնտեսությունում կայունության փուլին բնորոշ իրավիճակ է, և մեր առաջիկա խնդիրն է զարգացման փուլին անցումը, որը հնարավոր է համարվում գյուղատնտեսությունում և վերամշակող արդյունաբերությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի կենսագործման շնորհիվ:

 

 

Առաջիկա տարիներին որպես առաջնահերթ խնդիրներ մենք դիտարկում ենք գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը` արդյունաբերական հիմքի վրա: Ահա այն ուղղությունները որոնց վրա առավել ուշադրություն ենք դարձնելու`

- կոոպերատիվների ստեղծում,
- ինտենսիվ պտղատու այգիների հիմնում,
- խաղողագործության զարգացում, սեղանի սորտերի ինտենսիվ այգիների հիմնում,
- կաթիլային ոռոգման համակարգի ներդրում,
- ժամանակակից ջերմոցային տնտեսությունների հիմնում,
- վերամշակող ճյուղում նոր տեխնոլոգիաների ներդրում և տեսականու ընդլայնում,
- անասնաբուծության տոհմային գործի բարելավում և մթերատվության բարձրացում,
- օրգանական գյուղատնտեսության զարգացում,
- ագրոտուրիզմի զարգացում:

 

Այս ուղղությամբ միջազգային և այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվում են միջոցառումներ ուղղված արդիական տեխնոլոգիաների, մասնավորապես` կաթիլային ոռոգման, կարկտապաշտպան ցանցաշերտերի ներդրմանը, հանրապետությունում այդ տեխնոլոգիական սարքավորումների արտադրության կազմակերպմանը, ջերմատնային տնտեսությունում և ձկնաբուծությունում ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառմանը:

 

Միայն 2015 թվականին հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած շուրջ 50 հեկտար ջերմատնային տնտեսություն: Արդիական տեխնոլոգիաներն իրենց կիրառությունն են ունենում այգեգործությունում, մասնավորապես ընթացիկ տարում 300 հեկտարի վրա հիմնվել է ոռոգման և այլ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած պտղատու ինտենսիվ այգիներ: Այս գործընթացը շարունակվում է:

 

Եվրասիական տնտեսական միության անդամակցութունը հեռանկարներ է բացում անդամ երկրների համար միմյանց շուկաներ մուտք գործելու, երրորդ երկրների նկատմամբ մրցակցային առավելություններ ապահովելու առումով։ Այս ուղղությամբ ներկայումս էական դրական տեղաշարժեր են գրանցվել հատկապես թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացում: Այսօրվա դրությամբ արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանա-կահատվածի ցուցանիշը շուրջ 47 %-ով, բոլոր նախադրյալները կան արտահանման ծավալների կրկնապատկման համար:

 

2015թ. մեկնարկել է Եվրամիության արևելյան համագործակցության «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը, որի կարևորագույն բաղկացուցիչներից է կոոպերացիայի խթանումը և գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը:

 

Հարգելի գործընկերներ, գյուղատնտեսությունում գրանցված դրական տեղաշարժերը որոշակիորեն արդյունք են նաև ոլորտի նկատմամբ վերջին տարիներին կիրառվող հարկային բարենպաստ քաղաքականության:

 

 

Մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուներն ազատված են եկամտային հարկից և շահութահարկից: Գյուղատնտեսական ծագման մի շարք արտադրատեսակների, գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների` տոհմային կենդանիների, սերմացուների, տնկանյութի, տնկիների, պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում` տրակտորների և կոմբայնների, ինչպես նաև ջերմոցային կոնստրուկցիաների, ջերմատնային արտադրությունում օգտագործվող հիմնական նյութերի ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Իսկ մի շարք կարևորագույն ռեսուրսների իրացումը (ներքին շրջանառությունը) նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկի վճարումից:

 

 

Գյուղական բնակավայրերում տնտեսության աշխուժացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը կնպաստի նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

 

Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման բարենպաստ պայմանները, ստացվող գյուղատնտեսական մթերքների յուրահատկությունը և որակական բարձր հատկանիշները, ինչպես նաև վարվող պետական քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել են ոլորտում ներդրումների աշխուժացման:

 

Եզրափակելով` հարկ եմ համարում նշել, որ, հիշատակվածի հետ մեկտեղ, գյուղատնտեսությունում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան իրականացվող պետական աջակցության, պետություն-մասնավոր հատված և միջազգային կազմակերպությունների համագործակցության ծրագրերի իրականացման արդյունքում:

Տպել