Նախարարը Արմավիրի մարզում հետևել է բերքահավաքի աշխատանքներին

2015-06-18

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ Եղեգնուտ, Վարդանաշեն, Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի աշխատանքներին:

 

Այցի ընթացքում նախարարը հավաստիացել է` բոլոր նշված համայնքներում բերքահավաքի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, գյուղացիները գոհ են, տարին բերքառատ է, խնդիրներ այստեղ գրեթե չեն եղել:

 

Եղեգնուտցի ֆերմեր Սերյոժա Կարապետյանը, ով այս տարի իր տնտեսությունում 15 հեկտար տարածքի վրա սմբուկի և ևս 2 հեկտարի վրա ձմերուկի մշակություն է իրականացրել, արդեն սմբուկի առաջին բերքը հավաքել է. ծավալներից ու որակից գոհ է, եղանակային պայմանները բարենպաստ են, ոռոգումը կազմակերպվել է պատշաճ մակարդակով: Ֆերմերը հատկապես ձմերուկի բարձր բերք է ակնկալում, որի բերքահավաքը կսկսվի արդեն մի քանի օրից:

 

Վարդանաշեն համայնքում նախարարը եղել է տեղի ջերմոցային տնտեսություններից մեկում, որտեղ այս տարի շուրջ 1000 քմ տարածքի վրա բանջարեղեն է աճեցվել` լոլիկ, վարունգ և պղպեղ: Արտադրանքը հիմնականում իրացվում է տեղական շուկայում:

 

Մարզի Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում էլ կեռասի և ծիրանի բերքահավաքի եռուզեռ էր: Այստեղ նույնպես բերքը գյուղացիներին գոհացնում է. պտղի ապրանքային տեսքը լավն է, ինչը թույլ է տալիս մեծածավալ արտահանումներ իրականացնել:

 

«Արմավիրի մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի և հատկապես խաղողի բարձր բերք է սպասվում, գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են ինչպես հարկն է, տարին բարենպաստ է, և 2015 թվականի վերջում մենք բոլոր առումներով շատ լավ ցուցանիշներ ենք ակնկալում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

 

Նախարարի խոսքով` այս տարի ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ բարձր բերքատվություն է սպասվում, իրացման առումով խնդիրներ չկան, արդեն իսկ արտահանվել է շուրջ 600 տոննա ծիրան` 2014 թվականի ամբողջ տարվա 40 տոննայի դիմաց, շուրջ 800 տոննա կեռաս` 2014 թվականի 370 տոննայի դիմաց, 850 տոննա լոլիկ`անցած տարվա 220 տոննայի դիմաց և 2220 տոննա վարունգ`անցած տարվա 415 տոննայի դիմաց:

 

Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարվա վերջ արտահանումների ծավալները կտրուկ ավելանալու են, այս տարի ընդհանուր առմամբ արդեն իսկ արտահանվել է շուրջ 24 600 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը անցյալ տարվա համեմատությամբ շուրջ 1000 տոննայով ավել է:

 

Նախարարի հավաստմամբ` մթերումների հետ կապված խնդիրներ նույնպես չեն լինի, մասսայական բերքահավաքից հետո վերամշակող ընկերությունները կսկսեն նաև մթերումների կազմակերպումը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել