Քննարկվել են արտահանումների գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

2015-06-10

10.06.2015ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն հանրապետությունում գործող արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնի հետ կապված ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով:

 

Ընդգծելով որ գյուղատնտեսական տարին բերքառատ է և այս տարի հատկապես ծիրանի և խաղողի բարձր բերք է ակնկալվում` նախարարն առանձնահատուկ կարևորել է արտահանմանն կազմակերպման հարցը:

 

«Արտահանման գործընթացն ընթացքի մեջ է , մի քանի օրից կսկսվի ծիրանի արտահանումը, և մեզ համար այսօր օրակարգային է արտահանումների գործընթացի պատշաճ, ժամանակին և հստակ կազմակերպումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի արտահանման համար. ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, ուստի անհրաժեշտ է օգտվել ստեղծված հնարավորությունից և ավելացնել պտուղ-բանջարեղենի արտահանումների ծավալները հատկապես դեպի ռուսական շուկա:

 

Արտահանող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով` արդեն իսկ հանրապետությունից կաղամբի և կարտոֆիլի խմբաքանակներ են արտահանվում, փաստաթղթային ձևակերպումների հետ կապված խնդիրներ առկա չեն: Որպես հիմնական խոչընդոտ` նրանք առանձնացրել են Վերին Լարսի անցակետում որոշ դեպքերում գոյացող հերթերը:

 

«Սպայկա» ընկերության ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ այս տարի իրենք նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, ձեռք են բերել նոր մեքենաներ ռուսական համարանիշերով, որոնց միջոցով կարող են անարգել, առանց հերթերի ապրանքն արտահանել ՌԴ: Դրանք հնարավորություն ունեն բեռնել մոտ 2-2,5 տոննա բերք, անմիջապես գյուղացիներից բերքը վերցնել, և իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով մյուս արտահանողները կարող են դիմել իրենց ու օգտվել այդ ծառայությունից:

 

Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է մեծ ուշադրություն դարձնել արտահանումների գործընթացին վերաբերող հարցերին, ակտիվացնել գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքները, ինչպես նաև ընդլայնել արտահանվող պտուղ-բանջարեղենի տեսականին:

 

Նախարարը նաև նշել է, որ նախարարությունում գործում է թեժ գիծ հեռախոսակապ և հորդորել արտահանողներին բոլոր ընթացիկ հարցերի մասին ժամանակին բարձրաձայնել, որպեսզի հնարավոր լինի դրանց արագ արձագանքել և լուծումներ տալ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել