Ներկրվել է շուրջ 3000 տոննա հոլանդական բարձրորակ կարտոֆիլի տնկանյութ

2015-05-19

111ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր այցելել են Կոտայքի մարզում գտնվող «Ֆիրմա Նյու» մաքսային տերմինալ` Հայաստանի ագրարագյուղացիական միավորման կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ներկրված հոլանդական կարտոֆիլի տնկանյութը դիտարկելու նպատակով:

 

«Սա Նիդերլանդներից Հայաստան ներկրված Սիլվանա սորտի կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակն է, որը մեկ հեկտարից մինչև 80 տոննա բերքատվություն է ապահովում: Ըստ կանխատեսումների կարտոֆիլի ցանքատարածությունները ընթացիկ տարում 1000-1200 հեկտարով կավելանան, համապատասխանաբար կավելանա նաև համախառն բերքը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը հավելել է, որ ի հաշիվ ներկրվող տնկանյութի բարձր բերքատվության` 2010 թվականի համեմատությամբ կարտոֆիլի ցանքատարածություններն ընդհանուր առմամբ ավելացել են 12%-ով, իսկ համախառն բերքը` 40-50%-ով: Արդյունքում հաջողվել է վերջին 3-4 տարիների ընթացքում բավարարել ինչպես հանրապետության ներքին պահանջարկը, այնպես էլ մեծաքանակ արտահանումներ իրականացնել:

 

Նախարարի խոսքով` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ տնկանյութ է ներկրվել` շուրջ 3000 տոննա. հանրապետությունում տարեկան ընդհանուր առմամբ օգտագործվում է 100-120 000 տոննա կարտոֆիլի սերմացու:

 

Իր հերթին Հրաչ Բերբերյանը նշել է, որ հանրապետությունում կարտոֆիլագործությունն արտահանման միտում ունեցող ճյուղ է և արտաքին շուկայում մեծ պահանջարկ ունի, ուստի նախարարության հետ համատեղ այժմ քննարկվում են ինտենսիվ` բարձր բերքատու կարտոֆիլագործությունը զարգացնելու լրացուցիչ ծրագրեր:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել