ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ամփոփել է կարկտահարության հասցրած վնասի նախնական չափերը

2015-05-18

 

no_pic5Ս.թ. մայիսի 15-ին Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Արարատի մարզերի մի քանի համայնքներում տեղացած կարկուտի նախնական վնասները հաշվարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ նախարարության ներկայացուցիչները մեկնել են համայնքներ և համայնքների ղեկավարների, մարզպետարանների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ տեղում իրականացրել համապատասխան ուսումնասիրություններ և դիտարկումներ:

 

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի , Վայոց ձորի Ռինդ, Աղավնաձոր և Չիվա, Արարատի մարզի հիմնականում Կանաչուտ և Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ և 395 հեկտար խաղողի այգիներ: Նշված մարզերում տուժած 1059 հեկտար պտղատու այգիներից վնասը կազմում է շուրջ 3700 տոննա, իսկ խաղողի այգիներից` 1650 տոննա: Ընդհանուր գումարային արտահայտությամբ վնասի նախնական չափը կազմել է շուրջ 1 մլրդ 142 մլն դրամ, որից 836 մլն դրամը` պտղատու այգիներից, իսկ շուրջ 306 մլն դրամը` խաղողի այգիներից:

 

Մասնավորապես Արմավիրի մարզի թվով 7 համայնքներում տուժած պտղատու այգիների տարածքը կազմում է շուրջ 539.5, իսկ խաղողի այգիներինը` 122 հեկտար: Ընդ որում, պտղատու և խաղողի այգիների բերքի կորուստը կազմում է 20-90% : Արագածոտնի մարզի երկու համայնքներում տուժել են 329 հեկտար պտղատու այգիներ (վնասը`մոտ 20-60%) և 50 հեկտար խաղողի այգիներ (30-60%): Վայոց ձորի 3 համայնքներում տուժել են շուրջ 190.4 հեկտար պտղատու այգիներ (30-75%) և շուրջ 223 հեկտար խաղողի այգիներ (50-75%):

 

Դիտարկումները ցույց են տալիս, որ մայիսի 15-ի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների չափերը էական ազդեցություն չեն ունենա 2015 թվականի համար կանխատեսվող պտղի և խաղողի արտադրության ծավալների վրա:

 

Տարեկան հանրապետությունում կարկտահարությունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են կրում 150-200 համայնքներ, սակայն վերջին տարիներին Կառավարության միջոցներով տեղադրված հակակարկտային կայանների տեղադրմամբ մեղմվել են հասցվող վնասի չափերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին 

 

 

Տպել