ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանին
2015-05-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-արգենտինական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանան:
«Հայաստանի և Արգենտինայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում այս տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ: Սակայն երկու երկրների միջև առկա է նաև փոխգործակցության չիրացված ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել առավել տպավորիչ հաջողությունների», – նշել է նախարարը:
Հանգամանորեն ներկայացնելով դեսպանին Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, վերջին տարիների ձեռքբերումներն ու արդյունքները` Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա են համագործակցության լայն հնարավորություններ, մասնավորապես, անասնապահության և վերամշակման ոլորտներում:
Իր խոսքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության բնագավառի հետագա զարգացման համար ներդրումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:
Այդ ենթատեքստում նախարարը հնարավոր է համարել համատեղ անասնապահական ֆերմաների հիմնումը` վերամշակված արտադրանքը հետագայում Եվրասիական տնտեսական միություն արտահանելու հեռանկարով:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում ձևավորված հայ-արգենտինական համագործակցության բարձր մակարդակով, վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ համագործակցության շրջանակում հայ փորձագետների Արգենտինա կատարելիք այցին առնչվող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին