Սեխի և ձմերուկի մշակության տեխնոլոգիան

2015-05-13

OLYMPUS DIGITAL CAMERAԲոստանային կուլտուրաներից սեխն ու ձմերուկը մեզ մոտ մշակվում են անհիշելի ժամանակներից: Ձմերուկը տիպիկ անապատային բույս է , նրա հայրենիքը Աֆրիկա մայրցամաքի Կոլախարի անապատն է , որտեղ ներկայումս էլ վայրի վիճակում աճում է ձմերուկը: Իսկ սեխը Կովկաս է թափանցել Աֆղանստանից, Միջին Ասիայից և Պարսկաստանից: Երկու բույսերն էլ շոգեդիմացկուն են: Սեխի և ձմերուկի մշակությունը համարյա նույնն է: Հողը բոստանային կուլտուրաների համար վարում են /ցրտահերկ/ նախորդ մշակաբույսի մնացորդներից դաշտը մաքրելուց հետո: Այդ ընթացքում դաշտ են տեղափոխում օրգանական պարարտանյութ` գոմաղբ 40տ/հա, սուպեր ֆոսֆատ 500կգ/հա և կալիումական աղ 250կգ/հա և հավասար տեղաբաշխելով կատարում են ցրտահերկ: Գարնանը ցրտահերկը փոցխում են: Այնուհետև ցանքից 1 շաբաթ առաջ կատարում են կուլտիվացիա վարին հակառակ ուղղությամբ, փոցխում, հարթեցնում և մարգոցում են դաշտը: Ձմերուկի և սեխի համար պատրաստում են 2.8մ լայնության թմբեր: Ցանքը կատարելուց առաջ ջրման ակոսներով ջուր են բաց թողնում: Ցանքը կատարում են թմբի 2 կողմից: Ցանքից հետո /1բնում 2-3 սերմ, իրարից 40սմ միջբուսային հեռավորությամբ/ նորից թեթև ջրում են: Այն դեպքում երբ բոստանային կուլտուրաները պետք է տեղակայվեն առվույտի ճմուտում, կամ բնական ճմուտում, ապա վերը նշված պարարտացումը չեն կատարում: Մինչև առաջին իսկական տերևների դուրս գալը որևէ աշխատանք չի կատարվում , եթե ջրման կարիք չկա: Առաջին իսկական տերևների առաջանալուց կատարում են բոստանի քաղհան / մաքրում են մոլախոտերից, փխրեցնում են հողը/ և նոսրացնում`յուրաքանչյուր բնում թողնելով 2 բույս: Բոստանը որքան հնարավոր է  անհրաժեշտ է չջրել, եթե բույսերը ջրի խիստ պահանջ չեն զգում: Երբ ձմերուկի և սեխի բույսերը ունենում են 4-5 տերև, ապա պետք է սնուցել ազոտական պարարտանյութերով, ջրել և հողը քեշի գալուց հետո կատարել քաղհան փխրեցում և հողով ծածկել բույսերի ցողունի մի մասը/վար դնել/: Այդ ընթացքում սեխի բոստանում պետք է կատարել նաև բույսերի ծերատում /հեռացնում են աճման կոնը/, որպեսզի ճյուղավորություններ առաջանան: Ձմերուկի համար այդ միջոցառումը չի կատարվում: Հետագա աշխատանքները բոստանում ոռոգումներն են /ողջ վեգետացիայի ընթացքում 5-6 անգամ/, պայքարը հիվանդությունների /ալրացող, կեղծ ալրացող, անտրակնոզ և այլն/ և վնասատուների /բոստանի լվիճ, բոստանի զատիկ, ոստայնատիզ, սեխի ճանճ և այլն /դեմ:

 

Աղբյուրը` «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել