ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր դասընթաց խաղողի ֆիլոքսերայի մոնիթորինգի և ժամանակակից պայքարի միջոցառումների վերաբերյալ

2015-04-22

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր դասընթաց խաղողի ֆիլոքսերայի մոնիթորինգի և ժամանակակից պայքարի միջոցառումների վերաբերյալ` ոլորտի պատասխանատուների համար: Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: 

 

Դասընթացը վարում էր Հունգարիայի Պաննոնիա համալսարանի պրոֆեսոր Լասլո Կոչիշը: Մասնակիցների թվում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցներն ու տեսուչները, ոլորտի այլ պատասխանատուներ: Դասընթացի շրջանակում Լասլո Կոչիշը մասնավորապես անդրադարձել է խաղողի ֆիլոքսերայի կենսաբանական առանձնահատկություններին, ֆիլոքսերայով վարակվածության ռիսկերին առնչվող հարցերին:

 

Պարոն Կոչիշը խոսել է նաև խաղողի այգիներում ֆիլոքսերայի վարակի հայտնաբերման և ֆիլոքսերայի կենսացիկլի տարբեր փուլերի առանձնյակների ճանաչման խնդիրների շուրջ` մասնակիցներին ներկայացնելով նաև այս հիվանդության դեմ պայքարի այլ երկրների արդյունավետ փորձը:

 

Դասախոսությունն ուղեկցվում էր տեսանյութերի ցուցադրությամբ: Բանախոսը նաև տեխնիկական խորհրդատվություն է ներկայացրել ֆիլոքսերայով վարակված խաղողի այգիների կառավարման և մոնիթորինգի վերաբերյալ:

 

Դասընթացի ավարտին Լասլո Կոչիշը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել