ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ ներկայացուցչին

2015-04-14

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ ներկայացուցիչ Պասկալ Միշոյին:

 

Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում վերջին տարիներին ձևավորված գործընկերային հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ, մասնավորապես, կազմակերպության կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի (2010-2016թթ.) շրջանակում:

 

Կայուն դպրոցական սնունդ ծրագրից, որի նպատակն աշակերտներին ամենօրյա սննդարար կերակրով ապահովել են և երեխաների առողջական վիճակի բարելավումը, ներկայումս օգտվում են ավելի քան 60 հազար աշակերտներ:

 

«Այս ծրագիրը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես մարզային դպրոցների համար: Միաժամանակ մենք հետաքրքրված ենք, որպեսզի դպրոցական սնունդը պատրաստված լինի տեղական արտադրանքից, քանի որ այն առանձնանում է թե՛ համային, թե՛ որակական հատկանիշներով», – նշել է նախարարը:

 

Տիկին Միշոն հույս է հայտնել, որ այս հարցում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն աջակցություն կցուցաբերեն ծրագրի իրականացման ընթացքում: Այս կապակցությամբ ՊՀԾ ներկայացուցիչն հանդիպմանն առաջարկել է դպրոցական սննդի միջգերատեսչական հանձնաժողովի մեջ ընդգրկել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի:

 

Պատրաստակամություն հայտնելով օժանդակել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հաջող և արդյունավետ իրականացմանը` Սերգո Կարապետյանն առաջարկել է հնարավորության դեպքում ընդլայնել ծրագրի շրջանակները և ընդգրկել հանրապետության բոլոր մարզերը` առաջնահերթությունը տալով սահմանամերձ շրջաններին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել