Մթերումները կիրականացվեն ամբողջ ծավալով և առանց խնդիրների. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հավաստիացրել են պատասխանատուները
2015-04-14
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի, Հայաստանի պահածոների և հյութ արտադրողների միության նախագահ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանի և Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են հանրապետությունում ընթացիկ տարում մթերումների կազմակերպման հարցերին:
Փոխնախարարը մասնավորապես նշեց, որ այս տարի դեռևս փետրվար ամսից սկսած ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ նախարարության պատասխանատուներն այցելություններ են կատարել վերամշակող ընկերություններ` տեղում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով և արդեն իսկ այսօր կարող ենք հավաստել, որ այս հարցում մենք խնդիրներ չենք ունենալու:
«Մեր գյուղացիական տնտեսությունները կարող են վստահ լինել, որ իրենց արտադրանքը վերամշակող ընկերությունների կողմից ամբողջ ծավալով կմթերվի: Հատկապես լոլիկի մասով առկա է անսահմանափակ մթերումներ իրականացնելու հնարավորություն, խաղողի մթերումները նույնպես կիրականացվեն առանց խոչընդոտների»,- իր խոսքում նշել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը հայտնել է, որ եթե անցյալ տարի մթերվել է շուրջ 23 000 տոննա լոլիկ, ապա այս տարի արդեն իսկ վերամշակողները 60000 տոննայի պահանջարկ են ներկայացրել, պտուղ-բանջարեղենի մյուս տեսակների նկատմամբ ներկայացված պահանջարկները նույնպես շուրջ 30-50 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա մթերումների ծավալների ցուցանիշը:
Իր հերթին պահածոների և հյութ արտադրողների միության նախագահ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը նշեց, որ իրենք սովորաբար մթերումներ իրականացնելու հետ կապված խնդիրներ չեն ունենում, վճարումները կատարվում են ժամանակին, մյուս կողմից` գյուղացիները չեն կարողանում ապահովել իրենց կողմից ներկայացվող պահանջարկը: Նա հորդորեց գուղացիներին ավելացնել բերքատվությունը, ցանքատարածությունները` հավաստելով, որ իրենք պատրաստ են ամբողջությամբ մթերել առկա բերքաքանակը:
Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրենը նույնպես ընդգծեց, որ իրենց ընկերության կողմից այս տարի խաղողի մթերումների ծավալների նվազեցումներ չեն լինի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին