ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է համակարգի աշխատակցուհիներին

2015-04-07

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր շնորհավորել է համակարգի կին աշխատակիցներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: 

 

«Դարեր շարունակ հայ կինը կանգնած է եղել տղամարդու կողքին, նրան հավասար պաշտպանել հայկական օճախը, տունն ու հող հայրենին: Այսօր էլ հայ կինն իր արժանի տեղն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Հատկապես արժանահիշատակ է կանանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում, որտեղ նրանք շարժիչ ուժ են և գերակշիռ մաս են կազմում», – նշել է իր շնորհավորանքի խոսքում նախարարը:

 

Շնորհավորելով նախարարության աշխատակցուհիներին տոնի առթիվ` Սերգո Կարապետյանը մաղթել է նրանց քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ և անձնական կյանքում:

 

Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առաջատար գիտաշխատող-սելեկցիոներ Սվետլանա Հայրապետովան: Ոլորտի մի շարք աշխատակցուհիներ գյուղատնտեսության ոլորտում ունեցած ներդրումների համար պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել