ՀՀ գյուղատնտեսության նախարարն ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ քննարկել է առկա խնդիրները
2015-04-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, սակայն նրա զարգացումն անհնար է պատկերացնել առանց ոլորտում գործող միությունների ակտիվ գործունեության», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Մասնավորապես, նախարարի խսքով, ագրոարդյունաբերության ոլորտի միություններին հարկավոր է մշակել իրենց ճյուղերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համապատասխան ծրագրեր և սերտորեն համագործակցել պետական հատվածի հետ:
Նախարարը նաև հավելել է, որ միությունների գործունեության ակտիվացումը բխում է նաև պետության շահերից` նկատի ունենալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հանգամանքը:
Հանդիպմանը քննարկվել են նաև վերամշակող ճյուղի ներկա խնդիրները, որոնց թվում առանձնապես կարևորվել է հայկական վերամշակող ընկերությունների արտադրանքի որակի բարելավումը, ինչը թույլ կտա ապահովել տեղական արտադրության մրցունակությունը ԵՏՄ երկրներում:
Անդրադառնալով հանրապետությունում վերջին տարիներին անասնագլխաքնակի աճին և դրանից բխող մսամթերքի արտադրության ծավալների ավելացմանը` նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև տեղական մսի իրացման, ինչպես նաև տեղական մսամթերքի արտահանման խնդրի կարևորությանը:
Քննարկմանը վերստին հաստատվել է, որ այս տարի ևս վերամշակող կազմակերպությունները պատրաստ կլինեն մթերել գյուղացիներից ամբողջ արտադրանքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին