Քննարկվել են Շիրակի մարզի անասնաբուժության ոլորտի խնդիրները
2015-03-20
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր հերթական աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել անասնաբուժության ոլորտի խնդիրների քննարկման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, գյուղատնտեության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը, համայնքապետեր, անասնաբույժներ և տեսուչներ:
Խորհրդակցության ընթացքում տեղի պատասխանատուների հետ քննարկվել են մարզի անասնաբուժական բնագավառի ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր, այդ թվում` առկա թերություններն ու բացթողումներ, դրանք շտկելու ուղիները:
Գրիշա Բաղիյանի խոսքով` «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում Շիրակի մարզին 2015 թվականին անասնահակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով հատկացվել են շուրջ 45 մլն դրամի կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցներ:Փոխնախարարը կարևորել է անասնաբույժների պարտականությունների լիարժեք կատարումը` հատկապես ժամանակին և պատշաճ մակարդակով կենդանիների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացումը:
Մարզ կատարած այցի շրջանակում փոխնախարարը եղել է նաև մի շարք ֆերմերային տնտեսություններում, որտեղ հետևել է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում ձեռք բերված տոհմային երինջների պահվածքի, խնամքի, տոհմային գործի բարելավման աշխատանքների ընթացքին:
Այնուհետև փոխնախարարն այցելել է Շիրակի մարզի Ազատան համայնքում CARD հիմնադրամի կողմից կառուցված գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն, ծանոթացել իրականացվող անասնաբուժական ծառայությունների, արհեստական սերմնավորման աշխատանքներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին