ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքները

2015-03-18

4ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանը, Անասնաբուժական և առողջապահական կենտրոնի տնօրեն Բես Փիերսը : 

 

Վալերի Ռագանը հայտնել է, որ պատվիրակության անդամները երկշաբաթյա այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես քննարկվել են կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:

 

«Մենք մեծապես կարևորում ենք հանրապետությունում կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ տարվող պայքարի արդյունավետ միջոցների կիրառումը, և այս հարցում հատկապես գնահատելի է ձեր աջակցությունն ու համատեղ աշխատանքը հայ մասնագետների հետ», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես կարևորել են լաբորատորիաների վերազինման և արդիականացման, նորագույն տեխնիկայով համալրված սպանդանոցների ստեղծման, մասնագետների վերապատրաստման հարցերը:

 

Տիկին Ռագանը նշել է նաև, որ Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքում հայ մասնագետների հետ համատեղ նախատեսվում է մշակել կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագիծ, որը կնպաստի այդ հիվանդության ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

 

Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է կենդանիների հիվանդությունների վերացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը` այդ ենթատեքստում բարձր գնահատելով պատվիրակության և հայ մասնագետների միջև համագործակցությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել