ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին

2015-03-18

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

 

Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները նոր լիցք կստանան:

 

 «Տարիների ընթացքում արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ԱՄՆ դեսպանատան և մեր հանրապետությունում գործող ամերիկյան միջազգային կառույցների միջև: Վստահ եմ, որ այդ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ», – նշել է իր խոսքում նախարարը:

 

 Հանդիպման ժամանակ նախարարը հանգամանորեն ներկայացրել է դեսպանին հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, վերջին տարիներին գրանցված արդյունքները, իրականացվող ընթացիկ ու առաջիկա ծրագրերը:

 

Ոլորտի առաջնային խնդիրների շարքում նախարարը, մասնավորապես, առանձնացրել է կոոպերատիվների ստեղծման, ոռոգման ժամանակակից համակարգերի ու հակակարկտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման, պտղատու նոր այգիների ստեղծման, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին նորագույն գյուղտեխնիկայով ապահովելու անհրաժեշտությունը:

 

Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում ձևավորված հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակով և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել