Պարարտանյութերը` գյուղատնտեսական արտադրության բարձրացման հզոր միջոց (ագրոքիմիական քարտեզ)

2015-03-16

defaultՊարարտանյութերը գյուղատնտեսական արտադրության բարձրացման հզոր միջոց են, այն դեպքում, երբ կիրառվում են որոշակի համակարգով, հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի պահանջը այս կամ այն սննդատարրերի նկատմամբ:

 

Այս ամենի պատասխանը տալիս է ագրոքիմիական քարտեզը: Ցանկացած կուլտուրա մշակելիս վեգետացիայի ընթացքում հողից վերցնում է 175 – 185 կգ սննդատարրեր` ազոտ, ֆոսֆոր, կալիում: Եթե ժամանակին այս սննդատարրերը հող չեն վերադարձվում, հողը աստիճանաբար աղքատանում է, և բերքատվությունը իջնում է նվազագույնի: Ճիշտ է ազոտական պարարտանյութի օգտագործումը բարձր բերքի ապահովման կարևոր նախապայման է հանդիսանում, սակայն բազմաթիվ ուսումնասիրություններով հաստատվել է, որ ազոտական պարարտանյութի կիրառումից ավելի մեծ արդյունք է ստացվում, երբ այն օգտագործվում է ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի հետ համատեղ: Հանքային պարարտանյութերի համակցությունը (ազոտ, ֆոսֆոր, կալիում) դրական ազդեցություն է ունենում բանջար-բոստանային կուլտուրաների բերքի որակական ցուցանիշների վրա, արագացնում է պտուղների հասունացումը, երկարաձգում վեգետացիայի ժամանակաշրջանի տևողությունը, պտուղներում ավելանում են չոր նյութերի, շաքարների և վիտամինների քանակը, պահպանման ժամանակ որակական հատկանիշները չեն կորչում, բազմամյա տնկարկների` ինչպես խաղողի, այնպես էլ պտղատու այգիների դեպքում մեծանում է ձմեռադիմացկունությունը:

 

1. Ֆոսֆորի պակասի դեպքում վնասվում է բույսերի անոթային համակարգը, նրա անբավարար քանակը հողում ուշացնում է նիտրատային ազոտի վերամշակումը և բույսերի մեջ կուտակվում են առողջության համար վնասակար նիտրատներ:
2. Կալիումի պակասի դեպքում խորը փոփոխության են ենթարկվում բույսերի անատոմիական կազմությունը և բույսերի մեջ կուտակվում են մեծ քանակությամբ չվերամշակված ամիակ:

 

Շուրջ 20 – 25 տարի հանրապետություն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր չեն ներկրվել, որը չէր կարող բացասաբար չանդրադառնալ ինչպես հողերի բերրիության, այնպես էլ մշակաբույսերի բերքատվության վրա: Վերջին 5 – 6 տարիներին հանրապետություն է ներկրվել միայն ազոտական պարարտանյութ, այն էլ սահմանափակ քանակներով` տարեկան 35 – 40 հազար տոննա: Նախկինում մինչև անկախացումը` տարեկան հանրապետություն է ներկրվել շուրջ 100 – 110 հազար տոննա ազոտական, 110 – 120 հազար տոննա ֆոսֆորական և 30 – 40 հազար տոննա կալիումական պարարտանյութեր: Այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի ըստ մշակաբույսերի հող են մտցվել հեկտարի հաշվով 300 – 400 կգ ազոտական, 350 – 450 կգ ֆոսֆորական և 50 – 150 կգ կալիումական պարարտանյութեր: Դրա համար հողերը այդ ժամանակաշրջանում համարվում էին սննդատարրերով լավ ապահովված: Այժմ հայտնի պատճառներով հանրապետության մշակովի հողերի շուրջ 70 – 80 % – ը թույլ է ապահովված ազոտ, ֆոսֆոր և կալիում սննդատարրերով, դա է պատճառը, որ շատ մշակաբույսերի բերքատվությունը իջել է նվազագույնի: Հացահատիկի դեպքում նման թույլ ապահովված հողում կարելի է ստանալ 30 – 35 ց/հա, իսկ 60 – 65 ց/հա ստանալու համար, խորհուրդ ենք տալիս հողի հիմնական մշակման ժամանակ օգտագործել 350 – 450 կգ/հա ֆոսֆորական, 70 – 120 կգ կալիումական պարարտանյութեր: Ցանքսի ժամանակ 60 – 80 կգ/հա ազոտական պարարտանյութ, իսկ մնացած 240 – 270 կգ –ը տալ վեգետացիայի ընթացքում: Նույն սխեման կարելի է օգտագործել ցանկացած մշակաբույսերի մշակության ժամանակ:

 

Մանրամասների համար դիմել` ք. Երևան Ծով. Իսակովի պող. 22ա, հեռ. 010 77 – 29 -06, 010 77 – 49- 84, E-mail: agrocarayutyun@mail.ru

 

«Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ

Տպել