Գյուղոլորտի պատասխանատուներն Արարատում և Արմավիրում հետևել են լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքին. արդյունքները գոհացուցիչ են

2019-06-21

1Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ այսօր այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ:

 

Այս պիլոտային ծրագրի նպատակն է Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների իրականացումը և դրանց արդյունավետության գնահատումը: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Արդյունավետությունը գնահատելու համար նախատեսված է պարբերաբար մշտադիտարկումների իրականացում:

 

Ծրագրի շրջանակում վերոնշյալ երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ և անհրաժեշտ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:

 

Մշտադիտարկումը ցույց տվեց, որ պիլոտային ծրագրի ընթացքն ու արդյունքները այս փուլում գոհացուցիչ են, իրականացված միջոցառումների շնորհիվ դիտարկվում է ցեցի թռիչքների նվազում և քանակի կրճատում:

 

Ծրագրի շահառու ֆերմերները տեղեկացրեցին, որ ֆերոմոնային թակարդների միջոցով վնասատուի վերահսկման հնարավորությունը և դրանով իսկ արդյունավետ պայքարի իրականացումը հետաքրքրություն են առաջացրել նաև հարևան ֆերմերների շրջանում: Ռուդիկ Նազարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել երկու դաշտային սեմինար, որոնց կմասնակցեն ինչպես ծրագրում ներառված շահառու համայնքների, այնպես էլ տարածաշրջանի այլ ֆերմերներ: Սեմինարների ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում իրականացված միջոցատումների արդյունքները և ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ ժամկետները: Բացի այդ, ծրագրով նախատեսված է հարավամերիկյան ցեցի և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ տպագրել խորհրդատվական- տեղեկատվական գրքույկ:

Տպել