Պարզաբանում մկնասպան թունանյութերի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ

2019-04-01

logo-MAՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մամուլում տեղ գտած  հրապարակումներն այն մասին, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նախարարության կարիքների համար թունանյութերի  ձեռք բերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ է ստեղծել և հովանավորում է  «Հրաշք այգի» կազմակերպությանը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Նախ նշենք, որ մրցութային գործընթացը մեկնարկել է մինչ Գեղամ Գևորգյանի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում  նշանակումը, ուստի նա որևէ կերպ  չէր կարող միջամտել վերոնշյալ գործընթացին։

 

Բացի այդ հայտում ենք, որ մկնասպան թունանյութերի ձեռքբերման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1054-Ա որոշումը, որով թույլատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ձեռք բերել մկնասպան թունանյութեր։ Առաջին մրցույթը հայտարարվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, որի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 22-ին։ Նշված մրցույթը իրականացվել է էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով, գնանշման հարցման ձևով, որի տևողությունը կազմել է շուրջ 30 օր։ Ստորև ներկայացվում են մրցույթի արդյունքները։

 

graph1

Մատակարարման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հետ և կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 12-ը։ Սակայն վերջինս 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` կողմերի միջև 2018 թվականի նոյեմբերի 19-ին կնքված «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ ՀՀ ԳՆ-ԳՀԱՊՁԲ-18/37-ԲԲՊՎ-56 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։ Գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Այսինքն, պետության կողմից մկնասպան թունանյութերի փաստացի ձեռքբերում տեղի չի ունեցել և պետության կողմից այդ նպատակով որևէ վճարում չի իրականացվել։

 

2019 թվականին մկնասպան թունանյութերի ձեռքբերման նպատակով իրականացվել է նոր մրցույթ.

 

2019 թվականի փետրվարի 28-ին էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի միջոցով հայտարարվել է մրցույթ, որի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 11-ին։ Ստորև ներկայավում են մրցույթի արդյունքները.

2

 

Այսինքն, մրցույթում հաղթող է ճանաչվել «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն՝ մեկ միավորի համար առաջարկելով 5769.91 դրամ։ Հարկ է նշել, որ մրցույթներն իրականացվել են էլեկտրոնային համակարգի միջոցով և ընդհուպ մինչև հայտերի բացման օրը հնարավոր չէ տեսնել  թե՛ մասնակիցների հայտերը և թե՛ առաջարկված գները։

 

Ի հավելումն նշենք, որ 2017 թվականին նույն թունանյութը ձեռք է բերվել 1 կգ-ը՝ 8200 ՀՀ դրամով։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել