ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերմնաբուծության զարգացմանն աջակցության նոր ծրագիր է մշակել

2019-04-05

111ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում  հանրապետության սերմարտադրողների, սերմնաբույծների և դաշտային հետազոտողների հետ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության» նոր ծրագիրը, քննարկել հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հիմնահարցերն ու հեռանկարները։

 

«Սերմնաբուծությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևոր ուղղություններից է, և մենք առաջիկայում ջանքերը  պետք է ուղղենք տեղական սերմնաբուծության արտադրական կարողությունների հզորացմանն ու ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև զուգահեռ փոքր խմբաքանակներով ներկրումների միջոցով սորտաթարմացում և նոր սորտերի փորձարկումներ իրականացնենք»,-ողջունելով ներկաներին՝ մասնավորապես  նշել է Գառնիկ Պետրոսյանը։

 

Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով մշակվել է  նոր ծրագիր, որը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում։ Ծրագրին  մասնակցելու համար հայտեր կարող են ներկայացնել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում գրանցված և հավաստագրված ՀՀ  բոլոր սերմնաբույծները։

 

Գյուղատնտեսության փոխնախարարն ընդգծել է, որ ծրագրի իրականացման բոլոր փուլերը լինելու են խիստ վերահսկողության ներքո, որպեսզի բացառվեն հնարավոր թերացումներն ու բացթողումները։

 

ՀՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը նշել է, որ ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով Շիրակի, Զանգեզուրի և Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական գոտիներում հիմնել    1-ին տարվա  տնկարաններ։  Բացի այդ, 2019-2023 թվականներին սորտաթարմացման և հետագա բազմացման նպատակով արտերկրից կներկրվի աշնանացան ցորենի և գարնանացան գարու  էլիտային սերմացու, որը սուբսիդավորված գներով կտրամադրվի սերմնաբուծարաններին 1-ին վերարտադրության սերմացուի ստացման նպատակով։

 

Կսուբսիդավորվեն նաև գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտադրվող և հողօգտագործողներին մատչելի գնով վաճառվող աշնանացան ցորենի մինչև 400,  գարնանացան գարու մինչև 150 տոննա էլիտային սերմացուների, ինչպես նաև մինչև 2300 տոննա 1-ին վերարտադրության գարնանացան գարու, ընդհանուր առմամբ 40 տոննա հատիկաընդեղեն և 32 տոննա բազմամյա խոտաբույսերի սերմացուների  քանակությունները։
Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները պարզաբանումներ են տվել և պատասխանել են սերմնաբույծներին հետաքրքրող մի շարք հարցերի։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել