Ի գիտություն արտահանողների
2019-03-06
ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
- ծագման երկիրը,
- ապրանքի անվանումը,
- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
- արտահանողի անվանումը և հասցեն,
- ստացողի անվանումը և հասցեն,
- պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,
արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
5. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։
Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։
Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012)90-60-90 և (010)20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ ssfs@ssfs.am, ինչպես նաև այցելել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սպասարկման կենտրոն։
Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060)54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` secretariat@petekamutner.am: