Քննարկվել են ԱԶԲ-ի հետ գյուղոլորտում համագործակցության հարցերը

2019-02-12

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ավագ տնտեսագետ Ռաջեշ Վասուդևանի գլխավորած պատվիրակությանը։  Հանդիպման նպատակն էր քննարկել   Բանկի առաջիկա հինգ տարիների ռազմավարության շրջանակում  գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

 

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության առաջնայնություններն ու հիմնական նպատակադրումները՝ մասնավորապես ընդգծելով հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, ապահովագրության համակարգի ներդրման,  մեխանիզացիայի մակարդակի բարձրացման, գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել  Ասիական զարգացման բանկի կողմից  մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղտեխնիկայի կայանների, թռչնաբուծական տնտեսությունների ֆինանսավորման ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղատնտեսական կրթության որակի բարձրացման ուղղությամբ աջակցության ծրագրերի իրականացման հարցը։

 

ԱԶԲ-ի պատվիրակները նշել են, որ իրենց հետաքրքրությունների տիրույթում կարող են լինել նաև ջերմոցային տնտեսությունների և պահածոների արտադրության ոլորտները, հնարավոր է համարվել նաև PPP (պետություն-մասնավոր հատված) ձևաչափով ծրագրերի իրականացումը։

 

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց կողմից մշակված Երկրի գործընկերության 2019-2023 թվականների ռազմավարության շրջանակում այս տարի  նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն՝ գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության նպատակով։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության հետագա  քայլերի վերաբերյալ։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել