Արտակ Քամալյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին
2019-02-21
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները: Ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, նոր ներդրումների ներգրավման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման, ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունավետությանն ու շարունակականության ապահովմանը, միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին